Սոչիում Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հայտարարությամբ ամրագրված է, որ երկու երկրների միջեւ սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովը լինելու է երկկողմ, ՌԴ-ի դերը խորհրդատվական է լինելու, այն էլ այն պարագայում, երբ դիմեն իրեն: Սա, ըստ ՄԱՀՀԻ փորձագետ Արմինե Մարգարյանի, բավականին դրական օրակարգ է եւ առաջին հերթին ՌԴ շահերից է բխում, քանի որ եռակողմ բանակցությունները իրականում լինում են քառակողմ՝ Թուրքիայի մասնակցությամբ, ինչը հանգեցնում է ապակառուցողականության:
Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «ՀՀ անվտանգության օրակարգ՝ Եվրոպայում գագաթնաժողովներին ընդառաջ» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ փորձագետը կարծիք հայտնեց, որ այսպիսով ՌԴ-ն իր համար պատուհան է թողնում՝ անհրաժեշտության դեպքում միջազգային այլ գործընկերների ներգրավվելու: Բացի դա, երկկողմ ձեւաչափը, ըստ նրա, նաեւ փոխվստահություն ստեղծելու հնարավորություն է տալիս:
Այս ամենով հանդերձ, փորձագետը չի կարծում, թե Ադրբեջանը ետ կկանգնի ուժի սպառնալիքի իր քաղաքականությունից, բայց տպավորություն ունի, որ Ադրբեջանին զսպող մեխանիզմներ կան, քանի որ Սոչիում Ադրբեջանի նախագահը բազմիցս շնորհակալություն հայտնեց ՌԴ-ին՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար, մինչդեռ իր երկրի ներսում բոլորովին այլ քաղաքականություն է վարում:
Նա գտնում է, որ հայկական կողմին հաջողվել է բավական բաց ներկայացնել, որ Ադրբեջանն է, որը խոչընդոտում է՝ նաեւ ռուսական միջնորդական առաքելության դրական լինելուն: Եթե Ադրբեջանը շարունակի ապակառուցողական դիրքից հանդես գալ, բանախոսի գնահատմամբ, դա առաջին հերթին ապտակ կլինի ՌԴ-ին: Իսկ մեկնարկի ձախողման ողջ պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի վրա:
Կարդացեք նաև
Արմինե Մարգարյանը նաեւ կարծում է, որ Բրյուսելի հանդիպումից առաջ Բաքուն մեզ կվերադարձնի գերիների գոնե մի մասին. «Վերջին օրերին Ադրբեջանի հռետորաբանությունը բավականին մեղմացել է, սա նշանակում է, որ Ադրբեջանը դիրքավորվում է եվրոպական հանդիպումներից առաջ իրեն բավական խաղաղասեր և հումանիտար լույսի ներք ներկայացնելու համար»: Սա, ըստ նրա, բնավ չի վկայում Ադրբեջանի ռազմավարական քաղաքական նպատակների փոփոխության մասին, այլ խնդրի տեղային, իրավիճակային լուծման մասին: «Ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, եւ եթե ՌԴ-ի կողմից չլիներ կանգնեցնելու միջնորդություն եւ ՀՀ ԶՈւ-ն վերջին շրջանում դիմադրություն չցուցաբերեր, շատ հնարավոր է այդ 42 քառ. կիլոմետրը հիմա լիներ 142 քառ կիլոմետր: Մեր դիվանագիտությունը պետք է լինի ծայրահեղ գերակտիվ, կարողանա յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել»,- ասաց նա՝ հավելելով, որ այս գործընթացում Արեւմուտքը նույնպես պետք է հստակ դերակատարում ունենա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի