ԵԽԽՎ հավասարության և խտրականության դեմ պայքարի կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ԼԳԲՏԻ անձանց վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ «այդ մարդկանց իրավունքների բազմաթիվ խախտումներ են ենթադրաբար թույլատրվում կամ հաստատվում»։ Կոմիտեն ասում է, որ այդ երկրները պետք է ընդունեն արդյունավետ օրենսդրություն և «քաղաքականություն՝ ուղղված սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, գենդերային դրսևորման և սեռական հատկանիշների վրա հիմնված խտրականության դեմ գործողությունների ուժեղացմանը»:
Ողջունելով խտրականության դեմ պայքարում Վրաստանի ձեռք բերած առաջընթացը, ինչպես նաև Հայաստանում առկա ժողովրդավարական անցումային գործընթացով պայմանավորված հնարավորությունները՝ խորհրդարանականները կոչ են արել Երևանին, Բաքվին և Թբիլիսիին «երաշխավորել հանրային միջոցառումների (ինչպիսիք կարող են լինել գեյ-շքերթների) անցկացման իրավունքը՝ աջակցելու ԼԳԲՏԻ անձանց իրավունքներին, երաշխավորել, որպեսզի դրանք անցնեն անվտանգ և «պաշտպանել մասնակիցներին ցանկացած բռնությունից»:
Ընդունված բանաձևի նախագիծը, որը հիմնված է Քրիստոֆ Լակրուայի (Բելգիա, SOC) կողմից պատրաստված զեկույցի վրա, կոչ է անում ընդունել վարքագծի կանոններ լրատվամիջոցների և խորհրդարանի անդամների համար, որոնք «կարգելեն պիտակավորող և խտրական մեկնաբանությունները և ատելության խոսքը՝ ուղղված ԼԳԲՏԻ անձանց դեմ»: ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ պետք է արդյունավետ հետաքննություն իրականացվի, բռնության դեպքերը քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Խորհրդարանականները նաև կոչ են արել հարավկովկասյան երեք պետություններին բարելավել սեռական և վերարտադրողական առողջության խնամքի հասանելիությունը, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության և իրազեկվածության բարձրացումը. ներդնել ընթացակարգեր, որոնք թույլ կտան տրանսգենդերներին փաստաթղթերում փոխել իրենց անունը և ծննդյան պահին ունեցած սեռը, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են պաշտպանելու մարդու իրավունքները, ներառյալ ԼԳԲՏԻ անձանց իրավունքները, միաժամանակ երաշխավորելով նրանց անկախությունը և պաշտպանելով նրանց և նրանց հետ աշխատող մարդկանց անվտանգությունը:
Կարդացեք նաև
Բանաձևի նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ հաջորդ լիագումար նիստում՝ 2021թ. հունվարի 24-28-ին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ