Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սոչիում ստորագրված փաստաթղթում ՀՀ-ին հուզող բառացիորեն ոչինչ չկա». Անժելա Էլիբեգովա

Նոյեմբեր 30,2021 17:01

«Արձանագրենք, որ փաստաթղթում Արցախի վերաբերյալ չկա թեմա, գերիների վերաբերյալ հարց չկա, մեր անվտանգության ապահովման երաշխիքների մասին որևէ բան չկա, բայց կա ճանապարհներ բացելու, տնտեսական համագործակցության և նոր հեռանկարների Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Սոչիում ՀՀ վարչապետի և ՌԴ ու Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված համատեղ հայտարարությանը:

Ըստ նրա՝ թեև այդ փաստաթղթում խոսվում է կոմունիկացիաների բացման գործընթացի արագացման, տնտեսական նախագծերի, բազմաթիվ նոր նախաձեռնությունների մասին, այնուամենայնիվ, այնտեղ ՀՀ-ին հուզող բառացիորեն ոչինչ չկա, խոսք չկա ՀՀ շահերից բխող առաջնահերթությունների մասին:

Նա փաստեց՝ Ադրբեջանը շարունակում է մարդկանց գերի վերցնել, քանի որ հասկանում է, որ հայկական կողմից դիմադրություն չկա, բացի իրավական դաշտից, որտեղ աշխատում են իրավապաշտպանները, պետության կողմից մասսայական ճնշում Ադրբեջանի վրա չկա:

Անժելա Էլիբեգովան նշեց՝ Ադրբեջանը ականապատ դաշտերի քարտեզները ստանալու համար լոբբիստական արշավներ էր իրականացնում, ինչն իր արդյունքը տվեց, սակայն նույնը չի անում ՀՀ-ն:

Նա հիմնավորեց. «Գերիների մասին՝ բոլորը բոլորի դիմաց դրույթը մեկ տարի առաջ պետք է իրականացվեր, սակայն դա չարվեց, փոխարենն այդ ամենը թողեցին մի կողմ և անցան կոմունիկացիաների բացմանը, որ մեզ համար ոչ պակաս վտանգավոր դրույթներ է պարունակում: Մենք այս փաստաթղթով չունենք որևէ անվտանգային երաշխիք՝ տրված Ադրբեջանի կողմից, որ այն 41 կմ որ եկել են ադրբեջանցիները, հետ են քաշելու, որ իրենք երաշխավորում են, որ հետագայում նորից չեն գնալու սադրանքների: Կա լղոզված ձևակերպում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է հետևողականորեն իրականացնել, բայց տեսնում ենք, որ հետևողականորեն խախտվում են այդ դրույթները: Արցախի հարց չենք քննարկում, քննարկում ենք Սյունիքի հարցը: Ինչո՞ւ կարգավիճակի հարցը չենք թմբկահարում բոլոր հնարավոր կառույցներում և բոլոր հնարավոր մեխանիզմները չենք օգտագործում»:

Անժելա Էլիբեգովան զգուշացրեց՝ եթե ՀՀ իշխանությունները շարունակեն զիջել Ադրբեջանին, նրա համար չկան զիջման կարմիր գծեր, եթե իրեն ոչ մեկ չի խոչընդոտում: Ուստի մեր խնդիրն է խոչընդոտել Ադրբեջանին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930