Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պարզվի, որ չարաշահում չկա, ասելո՞ւ ենք, որ ժողովուրդ, խնդիր չի եղել հիմնադրամի փոխանցումների հետ կապված»․ Թունյանը՝ Մինասյանին

Նոյեմբեր 30,2021 16:48

«Բազմահազար քաղաքացիներ պատերազմի ժամանակ փոխանցումներ են արել «Հայաստան համահայկական հիմնադրամին», եւ հանձնաժողովի խնդիրն է՝ պետբյուջե այդ գումարների փոխանցման օրինականությունը պարզելը։ Հանձնաժողովի աշխատակարգը կազմված է այնպես, որ որեւէ քաղաքական տարաձայնություն կամ նպատակահարմարություն չխոչընդոտեն հանձնաժողովի աշխատանքը»,-խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստում այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց․ «Հանձնաժողովը ստեղծվել է սկիզբ առած աղմուկի, կասկածի հիման վրա, թե հիմնադրամի միջոցները ոչ արդյունավետ են օգտագործվել։ Հիմնադրամի հանդեպ հանրային վստահությունը հիմնականում կորսվել է անհարկի մեղադրանքների պատճառով։ Եթե հանձնաժողովը գա եզրակացության, որ հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցները եղել են արդարացված, եւ միջոցներն օգտագործվել են արդյունավետ, արդյոք գործընկերային ձեւով հայտարարելո՞ւ ենք, որ ժողովուրդ, խնդիր գոյություն չի ունեցել, եւ այն, ինչ հայտարարել ենք նախկինում, իրականությանը չի համապատասխանում»։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Բոլոր մարդիկ, որոնք հանձնաժողովից արդյունավետ աշխատանք են ակնկալում, պետք է նկատի ունենան, որ մեր նպատակը ճշմարտությունը վեր հանելն է, հիմնադրամին փոխանցված միջոցների օգտագործման օրինականությունը հաստատելը կամ հերքելը, իսկ չարաշահումների դեպքում՝ դրանց ընթացք տալը, ապօրինի օգտագործված գումարների վերականգնումը։ Ինչու չէ, պետք է վերականգնվի հիմնադրամի խաթարված հեղինակությունը, որը հիմնադրամի հանդեպ ձեւավորվել է հանրության շրջանում։ Երեսուն տարում հիմնադրամն ամենակայացած կառույցներից է եղել, Արցախի եւ ՀՀ-ի խնդիրների լուծման նպատակով օգտագործել է հազարավոր քաղաքացիների փոխանցած միջոցները։ Եթե հիմնադրամի հեղինակությունը մսխելու ջանքեր են եղել, ապա դրանց առնչությամբ մենք պետք է սպառիչ պատասխան տանք, հանրության կասկածները լիարժեք փարատենք։ Եթե չարաշահում կա, պետք է բացահայտել։ Եթե չկա, ի՞նչը պետք է մեզ կաշկանդի, որպեսզի հայտարարենք այդ մասին»։

Արծվիկ Մինասյանն իր հերթին հարց հղեց Բաբկեն Թունյանին․ «Իսկ եթե չարաշահում բացահայտվի, պատրա՞ստ եք ճշմարիտ կերպով ներկայացնել թերությունները»:

Բաբկեն Թունյանը պատասխանեց․ «Ավելի շահագրգիռ կողմ, որպեսզի գործընթացը մտնի խոշորացույցի տակ, մեզանից բացի չկա։ Ինչ վերաբերում է վստահությանը, ապա այն մսխվում է չհիմնավորված մեղադրանքներով։ Առաջարկում եմ չհնչեցնել մեղադրանքներ, որոնք չենք ապացուցելու։ Հուսամ՝ օբյեկտիվ իրականությունն ավելի վեր կդասենք, քան նախկինում հնչած սխալ կարծիքներն են»։

Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ Թունյանը անուններ չհիշատակեց, բայց նշեց՝ այն քաղաքական գործիչների մասին է խոսքը, որոնք պնդել են, թե հիմնադրամին փոխանցված գումարներով պատգամավորները պարգեւավճար են ստացել։

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ Արծվիկ Մինասյանին հարցրեց․ «Ձեզ ի՞նչն է անհանգստացնում, հիմնադրամն իրավունք ունե՞ր գումարներ փոխանցելու կառավարությանը, թե անհանգստացնում է, թե ինչպես են գումարները ծախսվել»։

Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ քննիչ հանձնաժողովի նպատակն է՝ պարզել, թե հիմնադրամից 52,7 միլիարդ դրամը կառավարությանը փոխանցելը որքանո՞վ է համապատասխանում հիմնադրամի կանոնադրական նպատակներին․ «Մյուս ամենակարեւոր հարցն այն է, թե գումարների ծախսումը որքանով է եղել արդյունավետ, նպատակային։ Այս ամենը պետք է համադրվի գործող օրենսդրության պահանջներին»։

Աղազարյանը չհամաձայնեց․ «Միայն այդ գումարները չեն ծախսվել, հիմնադրամ այլ գումարներ էլ է ծախսել, ինչո՞ւ եք տարբերակում դնում, դա էլ բա քննեք»։ Մինասյանը կրկնեց, թե հանձնաժողովի ուսումնասիրության առարկան որն է։

Հավելենք, որ քննիչ հանձնաժողովը մի շարք գրավոր հարցեր է հղելու «Հայաստան համահայկական հիմնադրամին» եւ ՀՀ կառավարությանը։

Այսօրվա նիստում հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930