ՀՀ ԳԱԱ-ում գիտաժողովով նշանավորվեց Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակները
Ռուսական և համաշխարհային գրականության այս երեք մեծությունները միավորված են մեկ գիտաժողովում
Ս.թ. նոյեմբերի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Համաշխարհային դասական գրականությունը՝ ազգային գրականությունների համատեքստում» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակներին: Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը Ռուսաստանի Դաշնության Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի հետ համատեղ՝ ՀՀ գիտության կոմիտեի աջակցությամբ:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ողջույնի խոսքում շեշտեց ՀՀ ԳԱԱ և ՌԳԱ երկու ինստիտուտների համագործակցության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կկրի մշտական բնույթ: «2019 թվականը հայ ժողովրդի համար անցկացվեց երկու մեծ գործիչների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հովանու ներքո։ Հայաստանի Հանրապետությունից դուրս այս հոբելյանները նշվեցին Մոսկվայում՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի կողմից կազմակերպված գիտաժողովի ժամանակ: 2020 թվականին լրացավ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի և Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակը։ Հայաստանից դուրս այս միջոցառումներն անցկացվեցին Սանկտ Պետերբուրգում կազմակերպված միջազգային գիտաժողովի ժամանակ: Այս տարին գիտության և մշակույթի տեսանկյունից միջազգային հանրության և մեր ժողովրդի համար նշանավորվում է ռուս և համաշխարհային գրականության ականավոր գործիչներ Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակով։ Ուրախալի է, որ այս գիտաժողովը կազմակերպվել է նախորդ երկու գիտաժողովների ձևաչափով՝ երկու երկրների անվանի գրականագետների, լեզվաբանների, արվեստաբանների և պատմաբանների մասնակցությամբ», – ասաց Աշոտ Սաղյանը։
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց, որ այս տարվա նոյեմբերի 5-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջև ստորագրվել է գիտական համագործակցության պայմանագիր, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում պատմական և բանասիրական գիտությունները։ «Այսօրվա համաժողովը կդառնա մեր համատեղ համագործակցության կարևոր էջերից մեկը», – նշեց Աշոտ Սաղյանը։ Նա նաև շեշտեց, որ ներկայում ՀՀ ԳԱԱ-ում հատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդ մասնագետների գիտական առաջընթացին։ «Ուրախալի է, որ այս գիտաժողովի մի շարք զեկույցների հեղինակները երիտասարդ մասնագետներն են Հայաստանի տարբեր գիտական կազմակերպություններից, այդ թվում՝ մագիստրոսներ։ Այս հանգամանքը վկայում է, որ պատրաստվում է ռուս և համաշխարհային գրականությամբ զբաղվող գրականագետների արժանի փոխարինում, և երկկողմ համագործակցությամբ կշարունակվեն այն ավանդույթները, որոնք ժառանգել ենք խորհրդային ժամանակներից», – ասաց ակադեմիկոս Սաղյանը:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ռուս և համաշխարհային գրականության մեջ անգնահատելի է Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ավանդը: «Այս գիտաժողովը հերթական քայլն է Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների կապերի ամրապնդման ուղղությամբ, ինչը շատ կարևոր է մեր երկրների համար», – ասաց Սերգեյ Կոպիրկինը:
ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ասաց, որ Ղազախստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում նախկին խորհրդային պետությունների միջև մշակութային և գրական կապերի ամրապնդմանը և հետագա զարգացմանը, որը կրում է պատմական բնույթ:
ՌԴ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն Վադիմ Պոլոնսկին նշեց, որ այս տարի Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում գրական մեծությունների հոբելյանների օրացույցում: «Շատ կարևոր է, որ այս գիտաժողովն անցկացվում է համատեղ: Այն, որ մեր հայ գործընկերներն այսօր խոսում են Դոստոևսկու և Նեկրասովի մասին, հայ ոգու վկայություն է, և այս հավատարմությունը մեր կողմից շատ ողջունելի է: Մեր ժամանակներում սթափությունը և ողջամտությունը անգնահատելի է», – ասաց Վադիմ Պոլոնսկին:
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ Դոստոևսկու, Նեկրասովի և Ֆլոբերի ստեղծագործությունները հայտնի են հայ ընթերցողին, քանի որ նրանց նշանակալից գործերը թարգմանվել են հայերեն։ «Ռուսական և համաշխարհային գրականության այս երեք մեծությունները միավորված են մեկ գիտաժողովում ոչ միայն մեծ գրական տաղանդով, այլև ընդհանուր հումանիզմով, մարդկային հոգին ուսումնասիրելու ցանկությամբ՝ տարբեր, հաճախ նույնիսկ հակադիր տեսանկյուններից: Ավելին, ռուս և ֆրանսիացի դասականների ստեղծագործությունները որոշակի դրական ազդեցություն են ունեցել 19-20-րդ դարերի հայ գրականության զարգացման գործում՝ գրողների աշխարհայացքի ձևավորման և գրական գործերի բովանդակության առումով: Ինչպես երևում է գիտաժողովի զեկույցների վերնագրերից, երեք դասականների, հատկապես Դոստոևսկու ստեղծագործությունները, վերլուծվում են ոչ միայն իրենց ժամանակի, այլ նաև այսօրվա գրական, պատմական և փիլիսոփայական գաղափարների համատեքստում: Այս համագործակցությունը պետք է նպաստի, որպեսզի ռուս գրականությունը դիտարկվի հայ գրականագետների աչքերով, և ռուս գիտնականներն իրենց հայացքն ուղղեն դեպի հայ գրականությունը: Ինչպես տարբեր գրականությունների թարգմանություններն են հարստացնում միմյանց, այնպես էլ գրականության փոխադարձ ուսումնասիրությունն ընդլայնում է նրանց գրական ընկալման շրջանակը», – ասաց Յուրի Սուվարյանը։
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը նշեց, որ երեք գրական մեծությունների ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի գրական հանրության կյանքում:
Գիտաժողովի նիստերին ներկայացվեցին զեկույցներ՝ նվիրված ռուս և համաշխարհային երեք մեծությունների գրական ժառանգությանը, հայ գրականության հետ ունեցած կապերին, հայերեն թարգմանություններին, հայ գրական կյանքում նրանց ստեղծագործությունների մասին եղած արձագանքներին:
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Գիտաժողովի ավարտին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի միջև կստորագրվի հուշագիր:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն