Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պորտֆելով է Հայաստանը ներկայանալու Եվրոպայում. Ստյոպա Սաֆարյան

Նոյեմբեր 30,2021 16:34

«Արդյոք Հայաստանը պետք է խոսի այն մասին, որ Ադրբեջանը 2017-ի ԵՄ գագաթաժողովի ուղենիշերի խախտում է թույլ տվել: Պիտի՞ Ադրբեջանը հնարավորություն ունենա ստորագրելու այս գագաթաժողովի հայտարարության տակ եւ միանալու մի բանի, ինչն արդեն խախտել է: Ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված մեր անելիքը: Այն արդեն մեկ տարի է՝ ոչ միայն չի կարողանում վերսկսել իր աշխատանքը, այլ նաեւ արդեն մեկ տարի է՝ չի այցելել հակամարտության գոտի, ինչը աննախադեպ, տխուր եւ մտահոգիչ փաստ է»,-Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր «ՀՀ անվտանգության օրակարգ՝ Եվրոպայում գագաթնաժողովներին ընդառաջ» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ այս հարցերը հնչեցրեց կենտրոնի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, դեկտեմբերի 2-3-ին, Շվեդիայում տեղի է ունենալու ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստ, իսկ դեկտեմբերի 15-ին տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպում:

Այս համատեքստում նա Սոչիի հանդիպումից առաջ կարեւոր է համարում Թուրքիայի՝ Ադրբեջանին ի սատարումն քայլը, երբ ԱԽ-ում հայտարարվեց, որ Հայաստանը պետք է բռնի իրեն մեկնված ձեռքը, այլապես հետո ուշ կլինի: Մանավանդ, որ Ադրբեջանը թե ամռանն՝ Ուզբեկստանում, թե օրերս Թուրքմենստանում կրկին ակնարկեց զանգեզուրյան միջանցքի թեման: Այս անգամ, սակայն, Ստյոպա Սաֆարյանը տարբերություն է նկատել. ըստ նրա, եթե նախկինում սպառնում էին՝ ասելով, եթե Հայաստանը Սյունիքում չտա, ուժով այն կվերցնեն, հիմա զանգեզուրյան միջանցքը համարում են իրականանալիք եւ այն դիտակում են Արցախի հարավում:

Ստյոպա Սաֆարյանը համոզված է՝ Թուրքիան դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր հարցերից եւ հռետորական հարց է հնչեցնում՝ 3+3-ի մեջ արդյոք հարցեր մնացե՞լ են, ՌԴ-ն կամ Արեւմուտքը թողե՞լ են այդ հարցերը:

Իսկ Սոչիում օրերս կայացած եռակողմ հանդիպումը դիտարկում է այս համատեքստում. «ՌԴ-ն իր դերի ընդգծման ցուցադրությունն ու անհրաժեշտությունը ունի»: Ի հաստատումն ասվածի, նա մեջբերեց նաեւ ՌԴ նախագահի հայտարարությունն այն մասին, թե հետխորհրդային տարածքում որքան պահանջված է իր երկրի միջնորդական առաքելությունը:

Նաեւ Սոչիի հանդիպումն է Ստյոպա Սաֆարյանին համոզմունք ներշնչել, որ Թուրքիայի ջանքերը՝ տարածաշրջանում դերի ընդլայնման մասով, ի չիք են դարձել, բացառությամբ մի կետի՝ Աղդամում, համատեղ դիտորդական կենտրոնում՝ դիտարկման շրջանակներում: Նա նկատում է, որ Սոչիի հանդիպման ժամանակ բոլոր հարցերի մասով հղում արվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը բացառում է Թուրքիայի մասնակցությունը թե ապաշրջափակման գործընթացին, թե սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին:

Սոչիի հայտարարությունում բանախոսը կարեւոր կետ է համարում նոյեմբերի 9-ի հայտարարության անվերապահ կատարումը: Ասում է՝ հայկական կողմի համար դա ռազմագերիների վերադարձն է եւ «Զանգեզուրի միջանցքի» բացառումը: Իսկ հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման մասով ամրագրումը, նրա կարծիքով, կարող է Արցախի սահմանին վերաբերվել, քանի որ հղումը կատարվում է հենց նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Հայտարարությունում նշված՝ սահմանազատման-սահմանագծման գործընթացը երկկողմ հանձնաժողովով իրականացնելը՝ ՌԴ խորհրդատվական հովանու ներքո, նույնպես չեն համընկել Ստյոպա Սաֆարյանի սպասելիքներին: Նա ուշագրավ է համարում, որ այս հարցում ՌԴ-ի ուղիղ մասնակցություն չկա: Բայց քանի որ քարտեզային խորհրդատվությունը իրականացնելու է ՌԴ-ն, ՌԴ նախագահն էլ, այլ պաշտոնյաներ էլ քանիցս են հայտարարել, որ 1920-ականների խորհրդային քարտեզներն իրենց մոտ են, Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ հնարավորություն կա այլ միջազգային խորհրդատվության ներգրավվելու, մանավանդ, որ իր առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսում էր ԵՄ չափանիշներով սահմանազատման-սահմանագծման մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930