Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր վերելակները բնակիչները շահագործում են անփույթ, վանդալային դրսեւորումներով, կոճակներն այրում են, դռները՝ վնասում

Նոյեմբեր 30,2021 15:47

Նոր վերելակները բնակիչները շահագործում են անփույթ, վանդալային դրսեւորումներով, կոճակներն այրում են, դռները՝ վնասում: Այս մասին ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը: Նրա խոսքով, շենքեր էլ կան, որտեղ բնակիչները, սովորության համաձայն, լվանում են աստիճանավանդակները եւ ջուրը լցնում վերելակի հորանը, ինչի արդյունքում վերելակները շարքից դուրս են գալիս:

«Հիմա ժամանակակից վերելակները սենսորային են, չիպերով եւ դա խնդիր է առաջացնում: Բայց կան շատ շենքեր, որտեղ բնակիչները շատ խնամքով են օգտագործում, սեփական գույքի պես»,-ասաց Արսեն Կարոյանը՝ բնակիչներին հորդորելով խնամքով վերաբերվել այդ գույքին, քանի որ վերելակները համարվում են նրանց բաժնային սեփականությանը:

Այսօր Արսեն Կարոյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացրեց, թե վերելակների փոխարինման ծրագրով քանի վերելակ են փոխել:

Ասաց, որ նոր վերելակները փոխարինվել են Երեւանի քաղաքապետարանի միջոցներով՝ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ եւ հանձնարարականով՝ որպես սոցիալական աջակցություն բնակիչներին:

«Քանի որ վերելակը հանդիսանում է տվյալ շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունը եւ նրանց տիրույթում է գտնվում, ինչպես՝ տանիքը, մուտքը, նկուղը, ուստի նրանց միջոցներով պետք է այն փոխվի, բայց ելնելով այն հանգամանքից, որ մեզ մոտ բնակֆոնդը շատ ծանր վիճակում է եւ դրա հետ մեկտեղ վերելակային տնտեսությունը նույնպես ծանր վիճակում է գտնվում, Երեւանի քաղաքապետի հանձնարարականով աջակցության ծրագիր է իրականացվում»:

Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով, կան վերելակներ, որոնք շահագործվում են 40 տարուց ավելի: Ըստ նրա, առաջնահերթ փոխվում են այն վերելակները, որոնք վատթար վիճակում են, ժամկետանց են եւ առաջնահերթ փոխանակման ենթակա են. «Այսինքն՝ նրանք, որոնք հետագայում կարող են մարդկանց կյանքին վտանգ սպառնալ»:

2020 թվականին տեղադրվել է 500 վերելակ, 2019-ին տեղադրվել էր 20 վերելակ: Արսեն Կարոյանի խոսքով, 2021 թվականի ընթացքում էլ մրցույթ է հայտարարվել 54 վերելակի համար: Սրանք այն շենքերն են, որտեղ բնակվում են 44-օրյա պատերազմի մասնակից տղաները, որոնք ունեն հենաշարժողական եւ այլ հաշմանդամություն: Ասաց, որ ծրագիրը շարունակական է եւ այս պահին էլ մրցույթ է հայտարարված եւս 46 վերելակի ձեռքբերման համար, որոնք կտեղադրվեն 2022-ին: Բացի 46 վերելակից, 2022-ին, ըստ նրա, եւս մրցույթ է հայտարարվելու եւ մայրաքաղաքի տարբեր համայնքներում վերելակները փոխվելու են:

Թե քանի՞ վերելակ է շատ վատ վիճակում, Արսեն Կարոյանը կոնկրետ թիվ չհրապարակեց՝ նշելով, որ, առհասարակ, վերելակային տնտեսությունը ծանր վիճակում է:

Վերելակները փոխելու համար, ըստ քաղաքապետարանի պաշտոնյանի, բնակիչները որեւէ ֆինանսական պարտավորություն չեն կրում, սակայն Արսեն Կարոյանը հորդորեց համատիրություններին գումար տնտեսել, որպեսզի 20-25 տարի հետո համատիրության միջոցներով փոխվեն այդ վերելակները:

Ասաց նաեւ, որ 6 վարչական շրջանում կոյուղագծերի փոխարինման աշխատանքներ են տեղի ունենում, քանի որ կոյուղացանցը, նույնպես, ծանր վիճակում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930