Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից: Այդ մասին հավաստիացրել էին համայնքապետերը: Այս առնչությամբ ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, երբ լրագրողները փորձեցին ճշտել տեղեկությունը, պատասխանեց, թե ինչպես նախորդ անգամ վերնագրերում էին գրել, այս անգամ էլ կարող են գրել՝ «ճողոպրեց»: Նա հեռացավ՝ առանց որեւէ պարզաբանում տալու, թե ինչի՞ դիմաց են ադրբեջանցիները նահանջել:
Նույն հարցին ի պատասխան՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Թույլ տվեք այս անգամ խուսափել, որովհետեւ կան բաներ, որ արժե մեկ-մեկ խուսափել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ պայմանավորվածության արդյունքում են ադրբեջանցիները դուրս եկել Իշխանասարից՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ ադրբեջանցիները մեր ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան շուտ, թե ուշ»:
Իշխանասարի հետ կապված լրագրողների տարաբնույթ հարցերը նա թողնում էր անպատասխան. «Հիմա դուք դե՞մ եք, չեմ հասկանում»: Մեր հարցին՝ կարո՞ղ է դրա տեղը ուրիշ բան եք տվել՝ Անդրանիկ Քոչարյանը բարկացավ. «Ո՞վ ասեց: Կհարցնեք ուրիշ տեղ: Ռոբերտ Քոչարյանին կհարցնեք, թե ինչ է ուզում»: Երբ հիշեցրինք, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանություն չէ, իրենք են իշխանություն՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանն էլ իշխանություն է շատ-շատ լրատվական կառույցների համար: Հենց այդ հարցն է այն, ինչի մասին խոսում էի, մեր երկրի ներսում է, որ պետք է կարգավորվի: Իշխանասարի մասին ինֆորմացիա կա, բայց եկեք չխոսենք այդ մասին, թողնենք մեր զինվորականությունը կառավարի ստեղծված իրավիճակը»:
Նա ասաց, որ Հայաստանի տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ