Երեկվանից Ալիեւն ու Էրդողանը սկսել են կրկին շրջանառել, որ Զանգեզուրի միջանցք լինելու է, թեեւ Սոչիի հայտարարության մեջ միջանցքի մասին խոսք չկար: Այդ հարցը դեռ արդիակա՞ն է՝ այս հարցին ի պատասխան՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Պարոն Ալիեւը ուներ հնարավորություն եռակողմ բանակցությունների ժամանակ իր տեսակետը հայտներ, հստակ ձեւակերպել, թե ինչ են պարոն Էրդողանի հետ հասկանում միջանցք հասկացության տակ: Մեր վարչապետը ՀՀ շահերից բխող տեսակետը ներկայացրել է՝ կոմունիկացիաների մասին է խոսք գնում: Ինչպես նկատեցիք, միջանցքի մասին չկար: Զարմացան նաեւ այն ուժերը, որոնք սպասում էին այդ ձեւակերպմանը եւ տարբեր տեսակի դիմադրության, էլ ի՞նչ շարժում կար փողոցում՝ ազատագրական…Այդ ազատագրականն էլ ոնց որ ժամանակավրեպ էր: Հիմա կտեսնենք երկրի խնդիրները ոնց ենք երկրի ներսում կարգավորում, լուծում»:
Aravot.am-ը հարցրեց՝ վարչապետը ուղիղ եթերում հարցին, թե այս մեկ տարվա ընթացքում ինչո՞ւ ինչպես հարկն է առաջնագիծը չեն կահավորել, ասաց, որ պատճառը զինվորականներին քաղաքականության մեջ ներքաշվելն էր, բայց ընդդիմադիրները հակադարձում են՝ այդ դեպքում իրենց գործում թերացած զինվորականներին ինչո՞ւ չեք հանել գործից՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք ինչքան թերացած զինվորականներ են գործել, տեղյա՞կ եք ինչքան քրեական գործեր կան, ամեն ինչ իր ժամանակին: Դուք չգիտեք ինչքան աշխատանքներ են կատարվել նույն առաջնագծում: Այդ աշխատանքները նախկինում զրոյական են եղել, չի եղել, որովհետեւ սահմանային մեր դիրքերը եղել են լրիվ այլ տեղանքում: Հիմա այդ աշխատանքները կատարվում են, այսօր էլ այս եղանակային պայմաններում ճանապարհներ են գցում: Միջդիրքային ճանապարհներ են գցում: Ի՞նչ, ուզում եք ամեն ինչ քննարկենք ձեր հե՞տ, զինվորականը գա, քարտեզները գցի ու ասի՝ տիկին Ջեբեջյան, նայեք, այստեղ ոնց որ լավ չի, այստեղ վա՞տ է, հա՞: Այդպես չի լինում: Մի հատ ամեն ինչ եկեք նայենք մեր երկրի անվտանգության տեսանկյունից: Ինչքան շուտ, այնքան լավ»:
Քոչարյանը հորդորեց, որ թողեք հանձնաժողովները աշխատեն, կորոշեն, թե ինչ քարտեզներով են առաջնորդվելու եւ ինչ է լինելու. «Մնում է մենք մեր շահերը ճիշտ ընկալենք եւ սպասարկենք մեր երկրի շահերը»:
Կարդացեք նաև
Քոչարյանն ասաց, որ Սոչիի հանդիպումը տվել է դրական ընկալում, բայց հիմա չի կարող ասել, թե հակառակորդը դա ինչպես է իրականություն դարձնելու ու ինչ տեմպերով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ