Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախարարություն եւ նման այլ բառերը ոչինչ չեն նշանակում, եթե չկա կոնկրետ անհատ». Ստաս Նամին

Նոյեմբեր 30,2021 15:22

«Ինձ համար մեծ պատիվ է, որ հրաշալի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հիասքանչ նվագախումբը նվագելու է ամբողջական համերգ իմ ստեղծագործություններով»,- իր ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգի առիթով Sputnik Արմենիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց հայազգի կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը:

Նա ներկայացրեց իր հեղինակային երկու ստեղծագործությունները՝ մեկը որակելով ռոմանտիկ եւ սենտիմենտալ, մյուսն ավելի հասուն ու բարդ: Ասաց, որ ներկա է եղել նվագախմբի փորձին, ուղղակի ցնցված է՝ ինչ լսել է:

«Այս հանդիպման, համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչը, որքան էլ տարօրինակ է, մասնագիտությամբ բժիշկ է՝ Վահան Վարդապետյանը, եւ ոչ թե մշակույթի նախարարությունը կամ մեկ ուրիշը»,-ասաց Ստաս Նամինը: Հավելեց, որ Հայաստանում ամեն ինչ կախված է անհատներից. «Նախարարություն եւ նման այլ բառերը համարյա ոչինչ չեն նշանակում, եթե չկա կոնկրետ անհատ: Իմ բախտը բերել է, որ Հայաստանում շփվում եմ հենց այնպիսի մարդկանց հետ, որոնք խոշոր անհատականություններ են: Նրանից մեկն էլ դիրիժոր Էդուարդ Թոփչյանն է»:

«Վահան Վլադիմիրովիչի մասին ես էլ երկու խոսք կասեմ: Իրենք Ստաս Նամինի հետ վաղուց մտերիմ ընկերներ են, ես էլ բախտ ունեմ Վահան Վլադիմիրովիչի հետ մտերիմ ընկեր լինելու: Նա մի մարդ է, որի գիտելիքների եւ ջանքերի շնորհիվ են լույս աշխարհ եկել հազարավոր երեխաներ: Ես նրան միշտ ասում եմ, որ իր տեղը դրախտում արդեն ապահովել է:

Վահան Վլադիմիրովիչը ամեն ինչից զատ՝ նաեւ մեծ երաժշտասեր է եւ երաժշտագետ: Շատերն են տեղյակ, որ տարիներ շարունակ նա Օհան Դուրյանի շարժիչ ուժն է եղել: Հիմա ինքս բախտ ունեմ իր հետ ընկերություն անելու: Իհարկե, առիթը մենք չէինք կարող չօգտագործել եւ Ստաս Նամինի 70-ամյակին համերգը չկազմակերպել: Նա լեգենդար երաժիշտ եւ լեգենդար անձնավորություն է:

Ասում են՝ տաղանդավոր մարդը ամեն ինչում է տաղանդավոր: Ստաս Նամինը դրա իսկական օրինակն է: Նա ռոք երաժշտության հիմնադիրն է եղել Ռուսաստանում եւ ԽՍՀՄ-ում, հիմա էլ գրում է բարդագույն սիմֆոնիա, սիմֆոնիկ երաժշտություն, դրա հետ մեկտեղ փայլուն նկարիչ է, լուսանկարիչ… Անվերջ կարելի է թվել, թե իր ճամփորդություններում ինչեր է բացահայտում մարդկանց համար: Մի խոսքով, մեզ համար մեծագույն պատիվ է գտնվել իր կողքին: Շատ ուրախ ենք, որ այսօր նվագելու ենք իր ստեղծագործությունները:

Ստաս Նամինի սիմֆոնիան արդեն ձայնագրել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, փայլուն ձայնագրություն է, եւ այսօր մեզ վրա դժվար պատասխանատվություն է դրված, որ կարողանանք պատշաճ կատարել»,- նշեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր Լուսանկարը՝ Ստաս Նամինի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930