Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվում է, որ ես՝ գնդապետի որդի, բուժծառայության սպա, չեմ մտածում զինծառայողի մասին, իսկ դուք մտածում եք արտոնությո՞ւն տալ». Վիլեն Գաբրիելյան

Նոյեմբեր 30,2021 15:06

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ու ՔՊ-ականների կողմից մերժվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը: Նա առաջարկում էր զինծառայողների առողջական խնդիրները լուծելիս նրանց առաջնահերթություն տալ:

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը նաեւ հարակից զեկուցող էր, ասաց. «Հավասարության տեսանկյունից մենք խախտում ենք անում, որովհետեւ տվյալ հիվանդի՝ առաջնահերթությամբ հետազոտելու խնդիրը պետք է որոշի բժիշկը: Այնպես չի, որ եթե դու ուսադիր ես կրում, պարտադիր պետք է անցնես առաջ»:

Թագուհի Թովմասյանը զարմացավ՝ պետությունը արդեն տվել է առաջնահերթություն նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար, դե հանեք այդ արտոնությունը: Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց, որ զորակոչը սահմանված ժամկետով է լինում:

ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասաց. «Տպավորություն է, թե ընդդիմադիրները բանակի կողքին կանգնած են, իշխանությունները հակառակն են անում, որ բանակում վատ մթնոլորտ ստեղծվի: Զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, բուժումը կատարում են անվճար: Մենք շատ խնդիրներ ունենք զինծառայողների հետ կապված, որոնք հետագայում էլի քննարկման առարկա կդառնան: Օրինակ, թոշակառու զինծառայողերը, որ առանց տուն են մնացել արդեն տասը քանի տարի: Այնպես չի, որ իշխանությունները բանակի կողքը չեն, զինծառայողների կողքին չեն»:

Վիլեն Գաբրիելյանը էմոցիոնալ ելույթ ունեցավ. «Պարզվում է , որ ես՝ գնդապետի որդի, բուժծառայության սպա, չեմ մտածում զինծառայողի մասին, իսկ դուք մտածում եք արտոնությո՞ւն տալ: Մենք COVID-ի մասին խոսեցինք, դե եկեք բժիշկներին էլ արտոնություն տանք, մարդիկ 24 ժամ կյանքեր են փրկում: Հետո անցնենք լրագրողներին, իրավաբաներին»: Ըստ Վիլեն Գաբրիելյանի, թիկունքում էլ պատերազմ ունենք, որը կորոնավիրուսն է ու չի կարելի մեկին առանձնացնել մյուսներից:

Թովմասյանն արձագանքեց. «Դուք արդեն անլրջացրեցիք: Զինծառայողների փոխարեն կարող են համատիրությունների աշխատողներն էլ օգտվել, մսուր-մանկապարտեզների դայակները կարող են օգտվել, շատ կարեւոր գործ են անում, պարկապզուկի փողային նվագողները կարող են օգտվել, բայց պետք չի անլրջացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930