Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ բովանդակություն եք դնում «շինել» արտահայտության ներքո»․ ՔՊ-ական պատգամավորը՝ Փաշինյանի հայտնի խոսքի մասին

Նոյեմբեր 30,2021 14:47

«Պարոն Վարդանյան, օրենքի կարգավորման տրամաբանության մեջ ի՞նչ գնահատական կտաք այն արտահայտությանը, որը հնչել է 08.06.2021թ․-ին։ Կներեք, որ ստիպված եմ մեջբերել։ Նիկոլ Փաշինյանի՝ «Դրանց սաղին բռնելու եմ« շինեմ»-ը քաղաքական խոսքի տիրույթո՞ւմ է, թե այս օրենքի կարգավորման տիրույթում»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական փոփոխության քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Մինչեւ պատասխանելը Վլադիմիր Վարդանյանն ակնարկեց, որ խոսքի մեջբերումը եւս կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այս տարի ընդունել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած փաթեթը, որով ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, պատժվում է տուգանքով, իսկ պարբերաբար կրկնելու դեպքում՝ մեկ ամիս կալանքով։ Աղվան Վարդանյանն առաջարկում է անվավեր ճանաչել 137.1. հոդվածը, որը մասնավորապես սահմանում է՝ միեւնույն անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պարբերաբար կրկնելու դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Վլադիմիր Վարդանյանը նշեց՝ հարցադրմանը կպատասխանի, եթե Արամ Վարդեւանյանն ասի՝ ովքե՞ր են «դրանք» եւ ի՞նչ բովանդակություն է դնում «շինել» արտահայտության ներքո․ «Եթե պատասխանեք, ես էլ կփորձեմ պատասխանել ձեր հարցին»։

Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Այս հայտարարության աղբյուրը ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորած Նիկոլ Փաշինյանն է, որը արտահայտությունն արել է հրապարակային։ Այս հայտարարության վերաբերյալ դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն ամիսներ առաջ ՍԴ-ում ֆանտաստիկ մտքեր էր արտահայտում, թե դա քաղաքական ելույթ էր։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ պահին չկար այս օրենքը։ Չկար նաեւ այն ժամանակ, երբ տիկին Դավոյանը Սյունիքի դեպքերն էր հիշատակում։ Ես անձամբ դեմ եմ վիրավորանքին, բայց այլ է հարցը, որ այստեղ հիմա ներկաներից շատերը 2018թ․-ի ապրիլ-մայիսին բնավ դեմ չէին վիրավորանքին, ծանր վիրավորանքին։ Հիմա իմ հիշատակած արտահայտությունն իրավաչա՞փ վարքագիծ է, պարոն Վարդանյան, չէ՞ որ քաղաքացիներին անընդհատ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու կոչեր եք անում»։

Այս խոսքերի վրա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ինչ-որ բան ասաց, ինչին ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը հեգնեց, թե «բոլոր ժամանակների փորձագետն» է եկել հանձնաժողովի նիստին․ «Տիկին Խամոյան, ես գիտեմ, որ ձեզ սկանդալ է պետք, մի խանգարեք նիստը, չի հաջողվելու ինձ հունից հանել»։

Ապա Վարդանյանն անդրադարձավ Վարդեւանյանի հարցին․ «90-ականներին hայոց լեզվում կային մի շարք արտահայտություններ, որոնք օտարաբանություններ էին, որոնք թարգմանվում էին։ Այդ ժամանակ «կոնստրուկտիվ քննադատություն» արտահայտության փոխարեն օգտագործվում էր «շինիչ քննադատություն» արտահայտությունը։ Արեւմտահայերենում մինչեւ այսօր էլ կան նման դրսեւորումներ։ Այդ արտահայտությունն ամենաբարձր մակարդակում՝ պետական այրերի կողմից, արտաբերվում էր 90-ականներին։ Հետո եզրույթը փոխվեց, որովհետեւ այնքան էլ բարեհունչ չէր, եւ օգտագործվեց «կառուցողական քննադատություն» արտահայտությունը։ Քաղաքական բանավեճում ես տեսել եմ նաեւ «հուփ եմ տալու» արտահայտությունը։ Ես կարող եմ գնահատել, համաձայն լինել-չլինել, բայց քաղաքական քննադատության շրջանակում սուր, հեգնական մտքեր կարող են հնչել։ Բայց այն, թե ինչ է ծայրահեղ վիրավորանքը, դուք ինձանից լավ գիտեք, դրա համար էլ ինքներդ ձեզ թույլ չեք տա այն ասել։ Եթե ասում եք, նշանակում է, որ այն չի տեղավորվում այս օրենքի տիրույթում»։

Արամ Վարդեւանյանն արձագանքեց, որ իր հարցի պատասխանն այդպես էլ չստացավ․ «Պարոն Վարդանյանը, իմ պատկերացմամբ, խնդիր չտեսավ այդ արտահայտության մեջ, ինչի համար ցավում եմ»։

Ապա խոսեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը․ «Ես անձամբ ներկա եմ եղել այդ արտահայտությունն ասելու ժամանակ։ Ժողովրդի մեջից մի քանի հոգի կշտամբեցին վարչապետին, թե երբ է թալանչիներին, կներեք, շինելու։ Վարչապետն էլ արձագանքեց, որ այո՝ «բռնելու է շինի»։ Այո, լավ արտահայտություն չի, բայց պետք չի այն ներկայացնել որպես ահաբեկում։ Ինչո՞ւ եք միտքը կտրում կոնստեքստից։ Թալանչիներին էր վախեցնում, ոչ ավելի․․․»։

Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ ես դրա համար հարցրի, դե «դրանք» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի Արամ Վարդեւանյանը․ «Եթե խոսքը վերաբերում է, օրինակ, բանակի սնունդը յուրացնողին, ապա այո, պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ։ Իսկ ժողովրդական լեզվով կարող եք դա անվանել այնպես, ինչպես ցանկանում եք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930