Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ փոխնախարարը՝ չկրակելու հրամանի եւ Հայաստանի օդային սահմանով ադրբեջանական օդանավերի չվերթների մասին

Նոյեմբեր 30,2021 14:06

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին ասաց, որ սահմանին՝ առաջնագծում կրակել-չկրակելու հրամանի հետ կապված հարցեր են առաջացել. «Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարությունն արեց, որ  չկրակելու հրաման տվողը դավաճան է: Մայիսի 20-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարություն էր անում, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ: Դուք եղել եք ՊՆ փոխնախարար, այդ ժամանակ ՊՆ-ն որեւէ քննություն իրականացրե՞լ է, թե ինչու սահմանագծում դիրքապահները ոչ թե կրակել են, այլ ծեծկռտուքի միջոցով փորձել են կասեցնել հարձակումը»:

Արման Սարգսյանը պատասխանեց. «Միայն կարող եմ պնդել, որ չկրակելու մասին հրաման որեւէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել վստահաբար: Ինչ վերաբերում է ծեծկռտուքին, դա զինվորականների՝ այդ պահին իրականացվող գործողություններ են պահի թելադրանքով, որոնք կարող են գնահատականի արժանանալ»: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են կատարում ու դա ծառայողական քննության առարկա կդառնա:

Գեղամ Մանուկյանը արձագանքեց. «Աբսուրդ է, երբ ամբողջ սահմանի երկայնքով փայտով իրար ծեծում են ու պարզվում է՝ հրաման չեն տվել»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հարցրեց՝ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ՊՆ-ն տեղեկացե՞լ է, թե ի՞նչ հիմունքներով են ադրբեջանական օդանավերը Հայաստանի օդային սահմանով գնում Նախիջեւան, վերադառնում Բաքու:

Արման Սարգսյանը պատասխանեց. «Մեկ անգամ, երբ որ մեծ աղմուկ բարձրացավ խնդրի հետ կապված, Քաղավիացիան հաղորդագրություն տարածեց, ես անձամբ տեղյակ չեմ, թե ինչ ընթացակարգով է իրականացվում:

Ղազինյանը հարցրեց՝ ինչպե՞ս կարող ենք վստահ լինել,որ այդ օդանավերով Սիրիայից ահաբեկիչներ չեն տեղափոխում:

 

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հակադարձեց Ղազինյանին. «Ճանապարհ չեն բացել ադրբեջանական օդանավերի համար: Չեն կարող բացել մի բան, որը երբեք չի փակվել»: Նա ասաց, որ Հայաստանը Քաղավիացիայի միջազգային կազմակերպության անդամ է ու կոնվենցիա է ստորագրել, որ քաղաքացիական օդանավերի համար իր օդային տարածքը բաց է պահում. «Հիմա այս ձեր զարմանքը, որ փորձում եք սարքել մատի փաթաթան ու փորձում հերթական անգամ ներկայացնել որպես սենսացիա, 2013-ին Ադրբեջանը սեփական ցանկությամբ էր դադարեցրել ՀՀ օդային տարածքով ավիափոխադրումները՝ շեշտելով, որ տնտեսական վնաս է պատճառում դրանով Հայաստանին, որովհետեւ հարկ է վճարում»:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ նույնպես դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930