Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Դավոյան, խնդրում եմ՝ իմ իրավունքների սահմանները հստակեցրեք, որ մյուս անգամ ձեզ անհարմար իրավիճակում չդնեմ»․ Աղվան Վարդանյան

Նոյեմբեր 30,2021 13:45

«Ասում եք, թե սա հակասահմանադրական օրենք է։ Միայն ՍԴ-ն կարող է որոշել՝ այս օրենքը հակասահմանադրակա՞ն է, թե՞ ոչ․․․Պարոն Արամ Վարդեւանյան, ժպտալով լսում եք, սա ձեր սիրած թեման է, ուստի կարծում եմ՝ սրա վերաբերյալ հետո մի հատ փաստաբանական ելույթ կունենաք»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արփի Դավոյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այս տարի ընդունել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած փաթեթը, որով ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, պատժվում է տուգանքով, իսկ պարբերաբար կրկնելու դեպքում՝ մեկ ամիս կալանքով։ Աղվան Վարդանյանն առաջարկում է անվավեր ճանաչել 137.1. հոդվածը, որը մասնավորապես սահմանում է՝ միեւնույն անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պարբերաբար կրկնելու դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Արփի Դավոյանը դիմեց Աղվան Վարդանյանին․ «Դուք հանգիստ եւ երկար խոսեցիք հայհոյանքի էվոլյուցիայի մասին, հայհոյանքի տարածված լինելը բարդեցիք մեր իշխանության գալու վրա, ասացիք, որ ձեզանից հետո շատացել են հայհոյանքները, որ մենք մեզ ենք ուզում այս օրենքով պաշտպանել, սակայն ձեզ հիշեցնեմ, որ հայհոյանքի վերաբերյալ մենք շատ ենք խոսել։ Դուք երբեւէ չեք քննադատել այս իրավիճակը՝ մինչեւ խորհրդարան գալը։ Դուք խորհրդարանում եք սկսել խոսել այս մասին։ Երբ ասում եք, որ ԱԺ դահլիճում հայհոյանքներ են հնչել․․․ձեր ուժի ներկայացուցիչները հայհոյանքներ են հնչեցրել։ Ով ներկա է եղել՝ լավ հիշում է, թե ով ինչ է ասել։ 21․04․2021թ․-ին Մեղրիում տեղի ունեցած դեպքերի ժամանակ շատերդ հրճված էիք հնչող հայհոյանքներով։ Իսկ ի՞նչ մեդալ եք նախատեսել նման մարդկանց համար, եթե կարծում եք, որ ԱԺ-ում հայհոյանք հնչեցնողներին եւս պետք է «մեդալ» տալ։ Մի ողջ քաղաքական ուժ հրճվում էր այդ դեպքերից եւ տարածում տեսանյութերը։ Ուղիղ մի տարի չեմ տեսել, որ ձեր քաղաքական ուժը քննադատի համացանցում առկա հայհոյանքն ու վիրավորական խոսքը։ Ձեր իշխանության օրոք է եղել դեպք, երբ լրագրողի ծնոտ էին կոտրում ԱԺ-ում, եւ դուք չեք արձագանքել»։

Աղվան Վարդանյանը պատասխանեց․ «Տիկին Դավոյան, իհարկե ինձ համար դժվար է ձեզ հետ բանավեճի մեջ մտնելը։ Շնորհակալ եմ ազնվության կոչերի համար։ Ձեր խորհրդով կփորձեմ ավելի ազնիվ լինել։ Ի դեպ, հանձնաժողովի նախորդ նիստերից մեկում ինձ ասում էիք, որ իրավունք չունեմ «այդպես մտածելու», հիմա էլ ասում եք, թե իրավունք չունեմ «այդպես գրելու»․․․խնդրում եմ՝ իմ իրավունքների սահմանները հստակեցրեք, որ մյուս անգամ ձեզ անհարմար իրավիճակում չդնեմ։ Ես իրավունք ունեմ մեջբերելու, որ այս կամ այն հոդվածը հակասահմանադրական է։ ՄԻՊ-ը այս հարցով դիմել է ՍԴ։ Կապրենք ու կտեսնենք՝ այն ՍԴ-ն, որն աղճատվեց մեկ քաղաքական ուժի աշխատանքի արդյունքում, ի՞նչ որոշում կկայացնի․․․վախենում եմ, որ մեր երկրում ստեղծված է իրավիճակ, երբ ծայրահեղ վիրավորանքը դարձել է մեկ քաղաքական ուժի ղեկավարի հասցեին ուղղված հարյուր հազարավորների բառապաշար։ Ցավալի է, որ այս ընթացքում մատների վրա հաշված թվով գործեր են հարուցվել։ Դժվարանում եմ պատկերացնել, թե այս օրենքն ինչպես է գործելու հարյուր հազարավորների դեպքում»։

Արփի Դավոյանը հարցադրում արեց․ «Ի՞նչ է նշանակում հարյուր հազարավորներ․․․այսինքն, լեգիտիմացնո՞ւմ եք հարյուր հազարավորների՝ ծայրահեղ կեցվածն ու խոսքը։ Ուզում եք ասեք, որ այս օրենքը հարյուր հազարավորների համար խնդիր է լինելո՞ւ։ Օրենքը հակասահմանադրական չի կարող որակվել այն պատճառով, որ ՄԻՊ-ը դիմել է ՍԴ։ Հակասահմանադրական կճանաչվի այն դեպքում, երբ ՍԴ-ն որոշում ունենա։ Խոսքի ազատությունը խոսքի սանձարձակության հետ կապ չունի։ Երբ քննադատությունը համեմվում է հայհոյանքներով, դա աղերս չունի քննադատության հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930