Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետականորեն Հայոց լեզուն ու Հայոց պատմություն «վռնդելու» մեխանիկան

Նոյեմբեր 30,2021 13:32

Իրեն ամենաազգային հռչակած այս կառավարությունը վաղուց անթաքույց արշավ է սկսել հայագիտական առարկաների դեմ: Ասվածի ամենաթարմ օրինակը ՀՀ կառավարության այս տարվա նոյեմբերի 25-ի որոշումն է, որի համաձայն՝ Հայոց լեզու եւ Հայոց պատմություն առարկաները հանվել են պարտադիրների ցանկից: Ուսանողներն արդեն ընտրություն են կատարելու հայագիտական առարկաների եւ օտար լեզվի միջեւ, եւ բնական է, որ նախապատվությունը տրվելու է օտար լեզվին, որից ավանդաբար բարձր արդյունքներ են գրանցվում ընդունելության քննությունների ժամանակ՝ ի տարբերություն Հայոց լեզվի ու Հայոց պատմության:

Ավելի վաղ պատմության չափորոշիչից դուրս էր թողնվել մեր պատմության առնվազն կեսից ավելին՝ ներկայացնելով ընդամենը 2500-ամյա պատմությունը, ինչի դեմ արտահայտվեցին հայագիտական առարկաների մասնագետները՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր լուսահոգի Արտակ Մովսիսյանը: «Օպտիմալացվել» էր նաեւ հայ գրականությունը:

Օրինակ, Աշոտ Մելքոնյանը շեշտել էր, որ այդ չափորոշչում բացակայում է հայրենասիրություն բառը, իսկ ազգային ինքնություն, Հայ առաքելական եկեղեցի եւ նման այլ եզրերը այն համատեքստում են գործածված, որ դրանց տակ հակառակը պետք է հասկանալ:

Երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանն էլ էր քննադատության ենթարկել հայոց պատմության «օպտիմալացումը» ու հայտարարել, որ կրթությունը որբի գլուխ չէ, որ ամեն իշխանություն իր ճաշակով «վարսավիրություն» անի:

Փաշինյանի իշխանության օրոք կյանքի կոչվեց նաեւ այն որոշումը, որի համաձայն՝ եկամտահարկի վերադարձով փոխհատուցվում է աշխատող ուսանողների ուսման վարձը, որը, ինչպես եւ սպասվում էր, հայագիտական ոչ մի մասնագիտության չէր վերաբերվում:

Ի դեպ, երբ ի հայտ եկավ չափորոշիչների աղմկահարույց թեման, ԿԳՄՍ նախկին նախարար եւ ներկայումս Փաշինյանի մոտ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, թե հայերենի քննությունը բոլոր ֆակուլտետներում պարտադիր է լինելու, դրա համար էլ հանվել է բուհերի ծրագրերից: Վերջինիս պաշտոնավարման օրոք հայագետները հայտարարվեցին կաշառակերներ, Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ում դասախոսներին մեղադրեց կոռուպցիոն գործարքների մեջ ներգրաված լինելու մեջ, ու ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցին, Հայոց եկեղեցու պատմությունն ու հայագիտությունը սիմվոլացվեցին իբրեւ պետության առաջընթացին խանգարիչներ, փորձ արվեց նսեմացնել 2000-ամյա հայոց եկեղեցու դերակատարությունը:

Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման օրոք կարմիր բերետավորների միջոցով ճնշվեցին հանուն հայագիտական առարկաների ԿԳՄՍ նախարարության մոտ նստացույց անող եւ դրանք բուհերի ծրագրերից հանած ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդների գործողությունները:

Հետաքրքիր է, որ այս կառավարության հետ փոխկապակցված շատ անհատներ, կառավարության անդամներ ժամանակին եղել են «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամներ: Բայց ինչպես իրենց ՔՊ-ական առաջնորդն էր հայտարարում, իրավիճակ է փոխվել, եւ այժմ իրենք իշխանություն են, իսկ իշխանության պարագայում նպատակը միշտ արդարացնում է միջոցները, հետեւաբար՝ գրողի ծոցը մայրենի լեզուն, Հայոց պատմությունը, ազգային արժեքները, որոնք պետականության հիմքերի շաղախն են:

Կարճ ասած՝ պետական մակարդակով Հայոց լեզուն ու հայագիտությունը «վռնդելու» քաղաքականությունը 2018-ից առայսօր ոչ միայն շարունակվում է, այլ նոր թափ է հավաքում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930