Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տողատակը ճիշտ հասկացա, ապա դուք տարիներով սերտ գործակցել եք ահաբեկչական կառույցների հետ»․ Աղվան Վարդանյան

Նոյեմբեր 30,2021 13:02

«Նախորդ գումարման ԱԺ-ն հապճեպ է ընդունել այս օրենքը։ Առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել այդ հոդվածը։ ՍԴ-ում արդեն իսկ վիճարկվում է այս օրենքների սահմանադրականությունը։ Ակնհայտ է, որ սա չի հետապնդել սահմանադրությամբ սահմանված նպատակ, այլ փորձել է սահմանափակել ազատ խոսքն ու հրապարակային քննադատությունը՝ հատկապես քաղաքական գործիչների նկատմամբ»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ զեկուցելով ՀՀ քրեական օրենսգրքում եւ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին իր հեղինակած նախագիծը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այս տարի ընդունել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած փաթեթը, որով ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, պատժվում է տուգանքով, իսկ պարբերաբար կրկնվելու դեպքում՝ մեկ ամիս կալանքով։

Աղվան Վարդանյանն առաջարկում է անվավեր ճանաչել 137.1. հոդվածը, որը մասնավորապես սահմանում է՝ միեւնույն անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պարբերաբար կրկնելու դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Աղվան Վարդանյանը նախ նկատեց՝ պաշտոնյաների դեմ ուղղված քննադատությունների սահմաններն ավելի լայն են, եւ դա բնական է․ «Այս տարվա ԱԺ ընտրություններին հետեւած ամեն մարդ կհաստատի, որ քաղաքական մեծամասնության ղեկավարի կողմից էին հնչեցվում ատելության կոչեր։ Այս օրենսդրական նախաձեռնությունը հապճեպ, վերջին պահին ընդունված էր եւ մեկ նպատակ ուներ՝ կալանավորելու, քրեական գործեր հարուցելու սպառնալիքով թույլ չտալ, որ ԶԼՄ-ները եւ քաղաքացիները քննադատեն հենց մեկ մարդու։ Օրենքը չի կարող ընդունված լինել միայն մեկ մարդու համար»։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց՝ հայհոյանքը քաղաքական պայքարի միջո՞ց է, այն ընդունելի՞ է որեւէ երկրում։

Աղվան Վարդանյանն արձագանքեց․ «Իհարկե, դեմ եմ հայհոյանքին։ Այն չի կարող քաղաքական վարքագծի նորմ լինել, բայց այն այդպիսին դարձրել է ձեր քաղաքական մեծամասնությունը եւ դրա ղեկավարը․ ատելության, բռնության խոսքը ձեր քաղաքական ուժի վարքագիծն է եղել տարիներ շարունակ։ Այնքան հայհոյանք, որ ես եմ լսել ու տեսել․․․ չեմ արձագանքել, սրա՞ մասին է խոսքը։ Դուք անձամբ ներկա եք եղել ԱԺ նիստերին, որտեղ ձեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները վերջին սեռական բնույթի հայհոյանքներն են ասել ընդդիմադիր պատգամավորներին։ Այդտեղ կային առնվազն երեսուն կանայք՝ մանկահասակ աղջիկներ․․․ անգամ մտածում էի օրենսդրական նախաձեռնություն բերել, ըստ որի՝ ԱԺ միջանցքներում, հանրային վայրերում կանանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանք տվողներին կոչում տանք՝ «ոչ ասունի» դիպլոմ տանք, անուններն էլ հանրայինով հրապարակենք։ Ձեր ասածը խոսքի եւ գործի հակասության մասին է խոսում»։

Վլադիմիր Վարդանյանն այսպես պատասխանեց․ «Համ ասում եք, որ կանանց ներկայությամբ հայհոյողին պետք է կոչում տրվի, համ էլ բերել եք օրենք, որով առաջարկում եք չեղարկել այդ երեւույթի դեմ պայքարող օրենքը։ Ես համաձայն չեմ պնդման հետ, թե մեր քաղաքական ուժի հիմնական խոսույթը եղել է ատելությունը։ Մենք մեծ քանակությամբ օրենքներ ենք ընդունել՝ ատելության, վիրավորանքի խոսքի սահմանափակման նպատակով։ Իհարկե, կան երկրներ, որտեղ քաղաքական ուժերի պայքարի հիմնական մեթոդն ահաբեկչությունն է։ Դուք շատ լավ հասկանում եք, որ այս նախագիծը պայքարում է ծանր հայհոյանքի դեմ»։

Աղվան Վարդանյանը նշեց․ «Չգիտեմ, թե ահաբեկչական ասելով որ կառույցներին նկատի ունեք, բայց եթե տողատակը ճիշտ հասկացա, ապա դուք տարիներ շարունակ շատ սերտ համագործակցել եք նման կառույցների հետ, ուստի ես եմ տեսնում խոսքի եւ գործի հակասություն։ Պնդում եմ, որ այդ նախագիծը նպատակ ունի պաշտպանել քաղաքական մեծամասնության ղեկավարին։ Ինձ հայտնի չէ վարույթ, որով մեղադրվում է քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը։ Սա է ցավը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930