«Ո՞վ է իրեն իրավունք վերապահել, միաձայն որոշել Տիգրան Մեծ 53 հասցեում գտնվող հրաշք ջրավազանի, քաղաքացիների հանգստյան վայրի քանդման թույլտվությունը տալ, ո՞վ է տվել քանդման թույլտվությունը։ Արդյոք համայնքային գույքը վերացնելու համար պե՞տք չէր ավագանու համաձայնությունը։ Չասեք՝ քաղաքացիների համաձայնությունը կա, որովհետեւ չկա նման ընթացակարգ, այդ տարածքի հետ շենքը կապ չունի ու քաղաքացիների համաձայնություն ընթացակարգն այստեղ չի աշխատում»,-այսօր Երեւանի ավագանու հերթական նիստում այս հարցը տվեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը։
«Ո՞վ է իրեն իրավունք տվել Երեւանի ամենագեղեցիկ լողավազաններից մեկի քանդման թույլտվությունը տալ։ Երեւի «վետերոկ» կամ «պիվնոյ» է վերածվելու։ Ո՞վ է այդ անբարոյական ստորագրություն դնողը»,-վրդովված ասաց Խաչատրյանը։
«Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Կիրակոսյանն էլ իր ելույթում անդրադարձավ այս խնդրին։ Նա ասաց, որ իր մոտ կան բնակիչների ստորագրությունները, բնակիչներն ասում են, որ համաձայն են, որ չգործող ջրավազանի փոխարեն կառուցվի բազմաֆունկցիոնալ հրապարակ։
Կարդացեք նաև
«Սա պատմամշակութային հուշարձան չէ, բայց ճարտարագիտական հուշարձան է, որը պահանջում է ունենալ քանդման թույլտվություն։ Արդյոք կա՞ այդ թույլտվությունը, երբ է եղել այն, արդյոք աշխատանքը սկսելուց առա՞ջ է եղել, թե՞ հետագայում։ Ի՞նչ սկզբունքով եք մտածել։ Նախկինում կառուցած այս ջրավազանը էկոլոգիական մի շարք հարցեր է լուծել։ Դա տարիներով չի աշխատել, աղբ է կուտակվել, եւ իհարկե, բնակիչները զզվելու են այդ վիճակից, ասելու են՝ ուզում ենք բարեկարգվի տարածքը։ Բայց արդյոք բարեկարգման այլ տարբերակներ չկային՝ մաքրելու, ֆիլտրելու, որպեսզի ջրավազանը ծառայեր նրան, ինչի համար ի սկզբանե կառուցվել էր»,-ասաց Լիլիթ Կիրակոսյանը։
Նիստը վարող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ի պատասխան հավելեց՝ անցյալ տարի Աբովյան 21 հասցեի բակում շատրվանը աշխատացրեցինք, որը երկար տարիներ չէր աշխատում։ «Երկար տարիներ չէր, մի փոքր ժամանակ էր, ու ընդամենը մի հատ «մատոռի» խնդիր էր»,-փոխքաղաքապետին հակադարձեց Անի Խաչատրյանն ու կրկին վրդովված շարունակեց․«Այդ բակը վերանորոգել են, վերականգնել են բակի բարերարներն ու բնակիչները։ Դա իմ բակն է, հեքիաթներ չպատմեք, միշտ է աշխատել շատրվանը»։
Փոխքաղաքապետն էլ հավելեց, որ նախագիծ է եղել, որի վրա աշխատել են։ Նա նաեւ վստահեցրեց, որ նիստի օրակարգը սպառելուց հետո ջրավազանի հարցը կքննարկեն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարները՝ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան էջից