Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Գոչունյան. Սկզբնական շրջանում պետք է մեր հաջորդ տարվա բյուջեն ապահովենք, որպեսզի կարողանանք աշխատեցնել «Ժամանակ»-ը. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 30,2021 11:49

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ

Պարո՛ն Գոչունյան, ստամբուլահայ մտավորականության՝ հարուստ պատմություն ունեցող «Ժամանակ» թերթն այսօր խնդիրներ ունի. ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը, ինչի՞ց են ծագել դրանք:

-Թերթի խնդիրները հիմնականում ֆինանսական, նյութական են: Բոլորս էլ հայ մամուլի իրականությունը գիտենք, մեր թերթը երբեք խոշոր ֆինանսական ռեսուրսներ չի ունեցել, բայց ունեինք նվազագույն պայմաններ: Վերջին 4-5 տարիներին հավասարակշռությունները խախտվեցին` պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Վերջին տարիներին անորոշություն կար Թուրքիայի հայության շրջանում. պառակտում նկատվեց: Այդ ամբողջ ժամանակ մենք փորձում էինք անաչառ լինել` բոլոր կողմերին բացատրելով, որ խնդիրը լուծելու ներուժ ոչ մի կողմն իրականում չունի. խնդրի լուծումը միասնականության մեջ է: Մարդիկ մեզ սկսեցին պիտակավորել, քանի որ ինչի մասին որ զգուշացնում էինք, հաջորդ պահին իրականություն էր դառնում: Այդպես որոշեցին, որ մեր թերթը զրկեն համայնքի ֆինանսական աջակցությունից: Թերթում մանրամասնորեն լուսաբանվում են Թուրքիայի հայության իրավունքների, պետության հետ ունեցած հարաբերությունների մասին իրադարձությունները, ինչպես նաեւ մեր հայրենի Հայաստանին առնչվող հոդվածներ են տպագրվում: Պարզապես, մեր առանձնահատկությունն այն է, որ աշխատում ու ապրում ենք թուրքահայ իրականության մեջ. «Ժամանակի» բնօրրանը պոլսահայությունն է:

Դուք նշեցիք, որ բեւեռացումների հետեւանքով զրկվեցիք համայնքի միջոցներից օգտվելու հնարավորությունից, իսկ մինչ այդ համայնքային ի՞նչ հնարավորություններ կային:

-Համայնքային կառույցներն ավանդաբար պաշտոնական ծանուցումներ են տալիս մամուլին: Սակայն ժամանակի ընթացքում աստիճանաբար այդ գործընթացը նվազում է: Դրա վրա նաեւ անմիջական ազդեցություն են ունեցել երկրի տնտեսական վիճակը, համավարակով պայմանավորված դժվարությունները, որոնց հետեւանքով եկամտի շատ լուրջ կորուստ ունեցանք: Ունենք վարձակալած երկու տարածք` խմբագրակազմի ու տպագրական աշխատանքների համար: Դրանք պահելը բավական բարդ դարձավ մեզ համար, այսինքն` հանգեցինք մի կետի, որ հաջորդ քայլն անելն այլեւս հնարավոր չէ: Այս օրհասական պահի իրավիճակին փորձում ենք ամեն գնով հաղորդ դարձնել համայնքին, որ գոնե մեր մեկ տարվա բյուջեն ապահովենք, կարողանանք աշխատել: Մենք հստակ գիտակցում ենք, որ ժամանակները փոխվում են, ու մեր թերթը պայմանական տասը տարի հետո հնարավոր է դուրս գա շրջանառությունից, սակայն նաեւ տեսնում ենք, որ դեռեւս տպագիր տարբերակի պահանջարկ կա:

Թերթն ի՞նչ տպաքանակով է լույս տեսնում:

-Այս պահին ունենք 1000 տպաքանակ: «Ժամանակ» օրաթերթն ամենահին հայերեն օրաթերթն է, որը 114 տարի ի վեր անընդհատ լույս է տեսնում: Մենք ցանկանում ենք ժամանակակից լրատվական միջավայրին համապատասխան քայլել, իսկ դրա համար պատրաստվել է պետք, որը նաեւ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում: Ունենք պաշտոնական կայքէջ, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում ենք ներկայություն ապահովում: Մեր գործունեության մաս է նաեւ գրքերի հրատարակումը: Այսինքն` սա միայն թերթ չէ, այլեւ բազմաֆունկցիոնալ կառույց:

Ինչպե՞ս եք տեսնում Ձեր օրաթերթի խնդիրների հանգուցալուծումը:

-Նախեւառաջ, պետք է կազմել ճանապարհային քարտեզ ու շարժվել դրանով: Սկզբնական շրջանում պետք է մեր հաջորդ տարվա բյուջեն ապահովենք, որպեսզի կարողանանք աշխատեցնել թերթը: Այսօր մեր մայր հայրենիքը դժվարին կացության մեջ է, եւ, իսկապես, վատ ենք զգում, որ այս օրհասական պահին նման խնդիր ենք բարձրացնում: Արեւմտահայերենով հաղորդակցվողների համար «Ժամանակ» օրաթերթի չլինելը բարոյալքիչ հանգամանք է, քանի որ նրանց համար դա ամուր հենարան է մամուլի դաշտում:

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930