Սոչիում կայացած Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպման արդյունքում որոշվեց, որ պետք է սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա իրականացնող միջկառավարական հանձնաժողով ձեւավորվի։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է լինելու այդ հանձնաժողովը, ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովի կազմում, եւ արդյոք ինքը՝ որպես փոխվարչապետ, կլինի՞ այնտեղ։
«Այս պահին այդ հարցի պատասխանը դեռեւս չունեմ, այո, կողմերը պայմանավորվել են՝ մինչեւ տարեվերջ մեխանիզմը հստակեցնեն, բայց մեխանիզմից նաեւ կախված կլինեն կազմն ու կազմի ստատուսը։ Հիմա, էս պահին չունեմ պատասխան այդ հարցին»,-ասաց Մհեր Գրիգորյանը, որը նաեւ ապաշրջափակման հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդամ է, եւ ավելացրեց, որ իրենց հանձնաժողովում աշխատանքները շարունակվելու են։
– Կարո՞ղ եք զուտ ֆիզիկական իմաստով ներկայացնել՝ իրենց ակնկալած այդ միջանցքը ո՞ր տարածքով պետք է անցնի, Մեղրիո՞վ, եւ որո՞նք են այդ ճանապարհները, որոնցից իրենք էլ են օգտվելու, Սյունիքի մարզի մե՞ր ճանապարհներն են, որոնք քննարկման ենթակա են։
– Ես կրկին ուզում եմ Ձեզ ասել՝ այն, ինչ վերաբերում է երկաթգծի հետ կապված՝ քննարկվում է բացառապես Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի ուղիների վերականգնման եւ դրանց շահագործման հերթականության կամ ժամանակագրության հարցերը։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ Երասխով, Նախիջեւանով Մեղրի եւ դեպի Բաքու մեկնող երկաթգի՞ծը։
– Այո, բոլորը, այդ թվում՝ Երասխ-Նախիջեւան երկաթգիծը։ Դա՝ ինչ վերաբերում է երկաթգծին։ Իսկ ավտոմեքենաների հետ կապված՝ մենք դեռեւս վերջնական պատկեր չունենք, թե որ ճանապարհները կարող են օգտագործվել մեր կողմից Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ այլ երկիր գնալու համար եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան գնալու համար։
– Դուք համարո՞ւմ եք, որ եթե խոսում եք ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա դա էլ է քննարկման ենթակա, որ Գորիս–Կապան ճանապարհը եւս պետք է ապաշրջափակվի եւ մեր կողմից ազատ շահագործվի։
– Ես կարծում եմ՝ բոլոր հնարավոր ճանապարհների հարցը պետք է քննարկվի, եւ որոշակի փուլերով որոշակի լուծումներ տրվեն բոլոր հնարավոր ճանապարհներին։
– Իսկ վճարների մասով կա՞ քննարկում, թե այդ ճանապարհներից օգտվելու եւ տրանզիտի համար ով որքան է վճարելու։
– Ես էդ հարցին պատասխանեմ հետեւյալ կերպ․ կա արձանագրում, որ վճարները եւ պայմանները լինելու են պարիտետային, եւ էդ իմաստով՝ դեռեւս դետալիզացված քննարկում չի եղել չափերի եւ պայմանների մասով, բայց քննարկում անպայման լինելու է, որովհետեւ մեր պայմանավորվածությունները ենթադրելու են մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական եւ այլ տիպի հսկողություններ, ինչը նաեւ ենթադրում է միջազգային պրակտիկայում ընդունված սակագներ եւ պայմաններ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: