Լրահոս
Օրվա լրահոսը

Եռակողմ բանակցությունների հրապարակային կողմից պարզ չդարձավ, թե, արդյոք, վերացվե՞լ է այդ ռազմական բախումների պատճառը. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 30,2021 10:46

Միանշանակ է, որ Սոչիում կազմակերպված հանդիպման հիմնական նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային գոտում լարվածության թուլացումն էր: Այն ակնառու էր եռակողմ եւ երկկողմ հանդիպումների արարողակարգային տեսանյութերից ու ամփոփիչ ասուլիսից: Սակայն այդ մի քանի րոպեանոց տեսագրություններում անգամ Ադրբեջանի ղեկավարն արեց հայտարարություններ, որոնք մեծ հարցական նշան են դնում այն հավաստիացումների վրա, ըստ որոնց՝ այդ երկիրը պահպանելու է հրադադարը չխախտելու` ձեռք բերված հերթական պայմանավորվածությունները եւ հրապարակայնորեն տված խոստումները: Սա էլ այն դեպքում, երբ այդ հանդիպումների հիմնական շահառուն հենց Ռուսաստանն է, քանի որ սահմանային զինված միջադեպերը ՀԱՊԿ-ի անդամին՝ Հայաստանին են առնչվում, ավելին՝ մեր երկրում է ռուսական 102-րդ ռազմաբազան:

Այդ առումով հատկապես վտանգավոր ենթատեքստ ուներ Ալիեւի այն հայտարարությունը, ըստ որի` Սյունիքում հայ-ադրբեջանական զինված ուժերի բախումները դուրս են ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության շրջանակներից: Ադրբեջանի առաջնորդն այդ հայտարարությամբ նախ փաստեց, որ փակ քննարկումների ժամանակ Վլադիմիր Պուտինը կոշտ շեշտադրում է արել սահմանային միջադեպերի խնդրի վրա: Մյուս կողմից էլ` եթե կուլիսային բանակցություններում ՌԴ նախագահը Ալիեւի այդ մանկական արդարացման փաստով հիմնավոր բացատրական աշխատանքներ չի տարել, ապա կնշանակի, որ Ադրբեջանը հետայսու էլ ռազմական սադրանքների կդիմի իր առաջնորդի հայտարարած` ՌԴ խաղաղապահ զորախմբի իրավասության գոտուց դուրս:

Սակայն իրականությունն այն է, որ եթե Հայաստանի արեւելյան սահմանները դուրս են ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտուց, ապա ՌԴ-ի ղեկավարած ռազմաքաղաքական բլոկի՝ ՀԱՊԿ-ի սահմանին են, ավելին, այդ սահմաններից ներս է ռուսական 102-րդ ռազմաբազան, եւ Սոչիի հանդիպման կազմակերպիչը Հայաստանի հետ ունի ռազմական փոխօգնության կնքված միջպետական համաձայնագրեր: Հետեւաբար՝ Ադրբեջանի ցանկացած նման սադրանք առաջին հերթին հարվածում է ՌԴ հեղինակությանը, եւ նման արդարացումը, ըստ առողջ դատողության, պետք է, որ չընդունվեր ռուսական կողմից: Այնուամենայնիվ, հանդիպման արդյունքում ընդունված եռակողմ նոր հայտարարության բովանդակությունից եւ ամփոփիչ ասուլիսից երեւում է, որ Ադրբեջանը հասկացել է ռուսական կողմի ներկայացրած փաստարկներն ու բացատրությունները, եւ մնում էր հուսալ, որ այդ ընկալումը մինչեւ Ալիեւ-Էրդողան հեռախոսազրույցը չէր տեւելու:

Եռակողմ բանակցությունների հրապարակային կողմից պարզ չդարձավ, թե, արդյոք, վերացվե՞լ է այդ ռազմական բախումների պատճառը, որը, դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին մամուլի ասուլիսում ներկայացված փաստերից, միջանցք բացելուն համաձայնելու համար Հայաստանի վրա ճնշման համատեքստում կարելի է միայն դիտարկել: Ինչպես հնչեցրեց ՀՀ վարչապետը՝ Ադրբեջանը հանդիպումներում հայտարարել է, որ միջանցքին չհամաձայնելու դեպքում ուժով կբացի այն: Թերեւս, այդ տրամաբանության մեջ կարելի է դիտարկել Նախիջեւանի հետ Ադրբեջանի արեւմտյան ամենամոտ սահմանագծին հրահրած ռազմական գործողությունները: Այստեղ քննարկման առարկա չենք դարձնի այն իրողությունը, որ ՀՀ զինված ուժերը կոշտ պատասխան են տվել Բաքվի սադրանքներին, եւ այն առավել կոշտ է լինելու նման ցանկացած նոր սադրանքների դեպքում:

Բոլոր դեպքերում՝ եռակողմ հանդիպման ամփոփիչ ասուլիսում Ալիեւը չօգտագործեց միջանցք արտահայտությունը, այլ օգտվեց «տրանսպորտային երակ» ձեւակերպումից, բայց վերադառնալով Բաքու, Էրդողանին զեկուցելով ամեն ինչ եւ արդեն հաջորդ օրը ելույթ ունենալով Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովում` նա հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» իրականություն է դառնում, որից կարող են օգտվել նաեւ այդ կազմակերպության երկրները:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930