Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման նպատակային քաղաքականություն. Արման Թաթոյան

Նոյեմբեր 30,2021 10:30

Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գյուղում Ճակատեն-Կապան ճանապարհին ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով մարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական: Նույնը վերաբերում է նաև Ճակատենին: Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ միասին այցելեցինք այս բնակավայրեր:

Նախ, երկու գյուղերում էլ առաջացել են գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրներ: Բանն այն է, որ, օրինակ, ընկույզի ապրանքների համար տարբեր գնորդներ էին գալիս Շիկահող: Կապան-Ճանապարհը փակվելուց հետո նրանք չեն կարողանում գալ դժվարանցանելի, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով:

Առաջ են եկել կրթական իրավունքի անհատական խնդիրներ, բացի նրանից, որ խաթարվել է դպրոցների բնականոն աշխատանքը: Օրինակ՝ Շիկահողի բնակիչներից մեկի երեխաներից 2-ը ճանապարհի պատճառով չեն կարողանում ամեն օր հասնել Կապան մեկը կրկնուսույցի հետ պարապելու, մյուսը քոլեջ հաճախելու նպատակով: Առցանց կազմակերպել ուսուցումը դեռևս չի ստացվում: Այլընտրանքային ճանապարհով էլ հնարավոր չէ կազմակերպել երեխայի բնականոն տեղաշարժը:

Շիկահողի մեկ այլ բնակիչ տեղեկացրեց, որ հայրը հեմոդիալիզ է անցնում Կապանում, ինչի պատճառով տեղափոխման դժվարություններ է ունենում նոր ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, որը վատ է անդրադառնում նաև հոր առողջական վիճակի վրա: Որդին ստիպված է եղել Կապանում բնակարան վարձակալել, որպեսզի հայրը կարողանա ժամանակին ստանա բուժօգնությունը:

Ինձ համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ:

Տեղական մարմինները, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայողները տեղերում միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար: Այս մասին նշել են նաև բնակիչները:

Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է: Որքան էլ, օրինակ, տեղական մարմիններն աջակցեն, դա օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումների հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն):

Ուստի, ելքը հստակ է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը:

Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում:

Այս մասին հատուկ զեկույցները Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930