Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մինչ նոր փաստաթուղթ ստորագրելը Փաշինյանը պետք է գերիների անհապաղ վերադարձի նախապայման առաջադրեր». Նաիրա Զոհրաբյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 30,2021 10:18

Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո հրապարակվեց մի փաստաթուղթ, որի շուրջ անգամ ընդդիմադիրները համակարծիք չեն։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ ստորագրվեց «ոչինչ չասող» տեքստ, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն այն կարողանա մեկնաբանել այնպես, ինչպես իրեն է հարմար։ Նրա կարծիքով՝ պատահական չէ, որ երեք կողմերն էլ հայտարարեցին համատեղ բանակցություններից գոհ լինելու մասին, մասնավորապես գոհունակություն հայտնեցին իրենց ստացածից․ «Մինչդեռ այս տեքստից չի երեւում, թե ինչ է շահել Հայաստանը»։ Զոհրաբյանը մնում է իր կարծիքին՝ Փաշինյանը մինչ նոր փաստաթուղթ ստորագրելը պետք է գերիների անհապաղ վերադարձի կամ, այլ կերպ ասած՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետի կյանքի կոչման նախապայման առաջադրեր․ «Առ այս պահը այդ կետը կատարված չէ, եւ նոր փաստաթղթում էլ չեմ տեսնում որեւէ հղում, որ այդ կետը կատարվելու է»։ Հանդիպման բանավոր հատվածում խոսվում էր հումանիտար խնդիրների կատարման մասին, իշխանական պրոպագանդայի ներկայացմամբ՝ խոսքը ռազմագերիների առաջիկա օրերին վերադարձի մասին է․ Զոհրաբյանն ասում է՝ ինքը համբերատար մարդ է, կսպասի․ «Եթե, ինչպես Փաշինյանն էր նշում, ինքը գոհ է ստորագրված փաստաթղթից, ես կարծում եմ, որ գերիների հարցը պետք է լուծված լիներ, որ գոհ լինի։ Բայց անցել է 2 օր, որեւէ տեղաշարժ  չկա այդ ուղղությամբ»։

Նա ընդգծում է՝ փաստաթղթում չկա որեւէ խոսք ՀՀ սուվերեն տարածքն օկուպացրած ուժերի հետքաշվելու մասին․ «Նույն Փաշինյանը երբ ասում էր, որ իրենք 41 կմ օկուպացրել են ՀՀ սուվերեն տարածքից, եթե սկսվում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց, ապա այդ փաստաթղթում պետք է առնվազն նշվեր, որ կողմերը մնում են իրենց սուվերեն տարածքում։ Հիմա ի՞նչ սահմաններով է արվելու այդ գործընթացը՝ 41 կմ տարածք ներխուժած տարածքո՞վ»։ Եվ ամենակարեւոր բացը, ըստ նախկին պատգամավորի, Արցախի կարգավիճակի հարցն է․ «Այս ամբողջ պատմության մեջ որտե՞ղ է Արցախի խնդիրը մնում, ինչո՞ւ գեթ մեկ արձանագրում չկար, որ Արցախի հարցը մնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի իրավասության ներքո»։ Որեւէ մեկը չի կարող բացառել, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացից հետո Ադրբեջանը նաեւ խաղաղության պայմանագիր պարտադրի, այն է՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ փաստացի հրաժարվել Արցախից․ «Բայց ուզում եմ հիշեցնել, որ 1992 թ․ հուլիսին ՀՀ ԳԽ-ն ընդունել է օրենք, որն արգելում է ՀՀ որեւէ պաշտոնյայի ստորագրել որեւէ փաստաթուղթ, որում Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։ Այնպես որ, այս եռակողմ փաստաթուղթը նոր հարցեր է առաջացնում, քան տալիս է հարցերի պատասխան»։

Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպման արդյունքներից եզրակացրել է, որ նոր հայտարարությունը Հայաստանի ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զորքերը դուրս բերելու ու գերիների վերադարձի մասին է. «Հայտարարություն է ստորագրվել, որի 2 դրույթի զուտ մեկնաբանությունն ինձ տվել է հիմքեր՝ կարծելու, որ ես ասեմ, որ եթե այս դրույթներն իրագործվեն, եւ եթե այս հայտարարությունն իրագործվում է, դա նշանակում է, որ ռազմագերիներին պետք է վերադարձնեն, եւ դա նշանակում է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան, ոչ թե դելիմիտացիա, վիճելի՝ այդտեղ վիճելի հարց չկա, այն տարածքներից, որոնք համարվում են ՀՀ սուվերեն տարածքներ»:

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, քաղաքագետ Արման Աբովյանը մի փոքրիկ ուղղում է անում՝ սա ոչ թե փաստաթուղթ, այլ փոքրիկ հայտարարություն էր, որտեղ նոր բան, իր դիտարկմամբ, չկար, բացառությամբ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի պաշտոնական մեկնարկի մասին։ Բայց, նրա խոսքով, խնդիրն այլեւս որեւէ փաստաթուղթը չէ, ՀՀ իշխանությունները որեւէ փաստաթղթի կարիք չունեն պետության սուվերեն տարածքները հանձնելու համար եւ դրանում հայ հասարակությանն ապացուցել են մեկ տարի շարունակ․ «Կներեք, կասե՞ք, թե այդ ինչ փաստաթղթի հիման վրա հանձնեցին Գորիս-Կապան ավտոճանապարհը եւ հիմա էլ համարում են ադրբեջանական տարածք։ Կամ, օրինակ, Ճակատենի ճակատին որ ադրբեջանական մաքսակետ են դրել։ Չեն գնացել, չէ՞, ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ասենք՝ ի՞նչ ստորագրության հիման վրա է թուրքն այսօր Գեղարքունիքում»։ Աբովյանն ընդգծեց, որ այս իշխանություններին որեւէ փաստաթուղթ պետք չէ, առանց դրա էլ պատրաստ են հանձնել․ «Այնպես որ, իշխանությունների հայտարարած խաղաղության դարաշրջանի բացումը փակում է Հայաստանի ապագան»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930