Հայաստանի քաղաքական կյանքն ունի մի շատ հետաքրքիր դրսեւորում՝ ընդդիմադիր խմբերն իրար հանդեպ ավելի վատ են տրամադրված, քան իշխանության հանդեպ, չնայած, բոլորը հավաստիացնում են, որ իրենց նպատակը ներկա իշխանություններից ազատվելն է: Հավանաբար, նման բաներ տեղի են ունենում նաեւ այլ երկրներում. երբ ընդդիմադիրները «մեկ թափից» չեն հասնում իրենց նպատակին, նրանք սկսում են իրարից բաժանվել ու իրար ուտել: Այդ առիթով հիշեցի մի «դասական» օրինակ, երբ 1996 թվականին բավականին հզոր եւ ազդեցիկ ԱԺՄ-ն երկու տարի անց բաժանվեց 4 մասի: Մեկ տարի առաջ 16, թե 17 կուսակցությունների համատեղ բողոքները ոչ մի արդյունք չտվեցին, եւ ամեն մի կուսակցություն գնաց իր գործին:
Նախորդ ողջ շաբաթվա ընթացքում տեղի էին ունենում «Ազատագրական շարժում» կոչվող նախաձեռնության հանրահավաքները: Մտահոգությունները, որոնք հնչում էին այդ ակցիաների ժամանակ, տեղին են՝ դադարեցնել մեր ինքնիշխան տարածքների հանձնումը, ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը: Հավանաբար, այդ շարժման ներկայացուցիչները կարծում էին, որ այդ խնդիրներն այնքան են հուզում մեր քաղաքացիներին, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց: Բայց հանրահավաքներն այնքան էլ մարդաշատ չէին, ոչ մի շոշափելի ճնշում իշխանությունը չզգաց, եւ շաբաթվա վերջում «Ազատագրական շարժումից» դուրս եկավ Կարին Տոնոյանի ղեկավարած «5165» խումբը:
Միանգամայն բնական է, որ իշխանության քարոզիչները անցած շաբաթվա ակցիաները ծաղրում եւ վարկաբեկում էին՝ «Քոչարյան», «պիցցա», «լափաման» հայտնի «տրամաբանական շղթայով»: Բայց նույնքան բացասական վերաբերմունք էին դրսեւորում նաեւ մյուս ընդդիմադիրները՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական: Տարրական քաղաքական հոտառությունը, կարծես թե, պետք է հուշի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին, Ազգային ժողովրդավարական բեւեռին, ՀԱԿ-ին, նույն «ազատագրականներին» ու մյուս ընդդիմադիրներին՝ չխոսել իրենց տարաձայնությունների մասին, ժամանակավորապես մոռանալ դրանք: Բայց, ինչպես երեւում է, Հայաստանում քաղաքական ուժերը ղեկավարվում են ինչ-որ յուրահատուկ տրամաբանությամբ, ինչը հանգեցնում է ընդդիմության «ատոմիզացիայի»:
Բերեմ օրինակներ: Ենթադրենք, ընդդիմադիր ինչ-ոչ մի խմբին ծիծաղելի է թվում «վիլսոնյան Հայաստանի» գաղափարը: Բայց կարելի է, չէ՞, որոշ ժամանակով զսպել սարկազմը, եւ ընդհանուր նպատակին հասնելուց հետո միայն որոշել ինչպիսին կլինի Հայաստանը՝ «վիլսոնյան», «քուռ-արաքսյան», թե Տիգրան Մեծի ժամանակաշրջանի: X ընդդիմադիրին թվում է, որ Y ընդդիմադիրը ամերիկյան կամ ռուսական լրտես է: Այդ X-ը կարո՞ղ է մի կողմ դնել իր կասկածները եւ Y-ի հետ համատեղ ծրագրեր իրականացնել: Դա ֆանտաստիկա է թվում, բայց եթե ինչ-որ ճիշտ կամ սխալ գաղափարներ դավանողները չհրաժարվեն ամբիցիաներից եւ չմիավորվեն, ապա հաջորդ իշխանափոխությունը տեղի կունենա այնպես, ինչպես որ դա եղավ 2018 թվականին. կգա որեւէ գաղափար չունեցող, բայց բոցաշունչ ճառերով ժողովրդի սիրտը շահող մի նոր պոպուլիստ: Եվ դրանից դարձյալ ոչ մի լավ բան դուրս չի գա:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քանի հավակնորդները Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանն են, ՀՀ-ում իշխանափոխություն չի լինելու:
Armen, դու յոթ երգ գիտես, յոթն էլ Ս.Սարգսյանից ու Ռ.Քոչարյանից ունեցած, իբր, քո «վախերի» մասին է: Դու էլ լավ գիտես, որ Սարգսյանն ու Քոչարյանը իշխանության վերադառնալու 1 տոկոսի հնարավորություն անգամ չունեն, պարզապես իշխանությանը պաշտպանելու համար ձևեր ես թափում, փորձում ես նախկիններով վախեցնել: Պարզ հասկացվում է, որ դու ՔՊ-ի քարոզիչ ես և քեզ կցել են (կամ էլ դու ես կամավոր կցվել) «Առավոտ»-ի կայքին: Ամեն կայքում քո նման մեկը կամ երկուսը կան, ով իշխանությանը մի թթու խոսք է ասում, մեջ եք ընկնում, հարայ-հուրոցը գցում: Վերջապես գիտակցեք ազգի դեմ չոքած լուրջ վտանգները և դադարեցրեք ձեր իշխանամետ ժամկետանց «հնարքները», դրանք վաղուց ոչ մեկի վրա ազդեցություն չեն թողնում:
Վերջերս տարածված ինտերնետային վերնագրերի ոճով.
«Armen. մեկնաբանությունների դաշտը չորացնողը»