«Վայրկյանների ընթացքում լույսն անհետացավ, դղրդոց լսեցի, ինձ թվաց մահացել եմ, որովհետև մի քանի վայրկյան ոչինչ չէի զգում։ Ծուխ, փոշի ու միայն 3 տարեկան թոռնիկիս լացն ինձ ուշքի բերեց, տեսա մարդիկ խառնված են, լացում են, գոռում։ Մթության մեջ գրկեցի թոռնիկիս ու չգիտեի, թե որ կողմ վազել փրկվելու համար։ Բոլորն իրար հրելով շարժվեցին դեպի ելքը, ինձ էլ հրելով տարան։ Աստիճանների վրա ինձ դիմավորեց հարսս, գրկեց երեխային և մենք միասին դուրս եկանք։ Չգիտեինք, որ կողմ վազել։ Սաստիկ անձրև էր գալիս, հեղեղ էր։ Շուրջը ամեն ինչ իրար էր խառնվել։ Մշակույթի տան տանիքը շպրտվել էր էլեկտրական հաղորդալարերի վրա։ Մարդիկ ոռնում էին։ Երևի 50 կամ գուցե ավել վիրավոր արյունոտված ձեռքերով, գլուխներով ցավից գոռում էին»,-պատերազմի ամենածանր օրերի այսպիսի հիշողություններով են կիսվել այս արհավիրքի միջով անցած, այնուհետև իրենց բնակավայրերը հարկադրաբար լքած արցախցիները։
Խոսեցնել, լսել, վերապրել ցավն ու հաղթահարել այն․ այս նպատակն է ունեցել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, որի շրջանակներում շուրջ 50 տեղահանված արցախցի պատմել է իր պատմությունը։
ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանն ասում է, որ ծրագիրը Բեռլինի «Ինմեդիո» միջնորդական կազմակերպության հետ երկարատև համագործակցության արդյունք է, ֆինանսավորվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։
Կարդացեք նաև
«Տարիներ առաջ, երբ մեկնարկում էր համագործակցությունը, ծրագիրը կոնֆլիկտների հաղթահարմանն ուղղված իրազեկմամբ էր զբաղվում, այնուհետև ցանցի անդամները փոքր ծրագրեր էին իրականացնում՝ կիրառելով ուսման ընթացքում ստացած գիտելիքները։ Սակայն պատերազմից հետո հարկ եղավ ծրագիրը վերափոխել։ Հասկացանք, որ կարևոր է տրավմայի հետ աշխատանքը»,-ասում է Կիրակոսյանը՝ հավելելով, որ շուրջ մեկ տարվա ընթացքում ցանցի անդամները կազմակերպել են տրավմայի հաղթահարման հետ կապված վերապատրաստումներ և հանդիպումներ Ստեփանակերտում, Մարտունիում /ԼՂ/, Ճամբարակում, Մեծամորում և այլ քաղաքներում։
«Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության ղեկավար, հոգեբան Ջուլիետտա Առուստամյանը հենց այս ծրագրի շրջանակներում որոշել է խոսել կանանց հետ, ովքեր անցել են պատերազմի միջով, ստիպված եղել լքել իրենց բնակավայրերն ու այսօր էլ անհայտ ապագայով ապրում են, չունեն որևէ կարգավիճակ։
Հատկանշական է, որ Ջուլիետտան ևս Շուշիից է։ Այստեղ է տեղափոխվել Ղարաբաղյան առաջին պատերազմին, երբ ընտանիքի հետ բռնի տեղահանվել են Ադրբեջանից, իսկ պատերազմում զոհվել է ամուսինը։ Ջուլիետտան, փաստորեն, երկրորդ անգամ է անցնում տեղահանման ծանր ուղիով։
«Ես գիտակցեցի այս աշխատանքի կարևորությունը, քանի որ ինքս էի անցել այդ ամենի միջով։ Ինձ բազմիցս ասել են, թե որքան ուժեղ կին եմ ես, սակայն այս ամենի միջով երկրորդ անգամ անցնելով, պարզ դարձավ, որ այդ ուժեղ լինելը երևի միայն մակետն է, իսկ ներսում ամբողջը փշրված է։ Ու թերևս նրա հետևանքով է փշրված, որ մենք անվերջ այդ խնդիրները ներս ենք հրում, բայց դրանցից չենք ազատվում, մինչդեռ պետք է խոսել, լացել, վերապրել, որպեսզի հաղթահարես ու անցնես առաջ։ Այդ ամենը հասկանալով, ես կարևորեցի, որ մարդիկ անցնեն այս ամենի միջով։ Իհարկե, ինձ համար շատ ծանր էր այդ դաժան պատմությունները լսելը, ես էլ իրենց հետ լացում էի, նրանք տեսնում էին, որ ինքս էլ ապրումակցում եմ նրանց, թեև ասվում է, որ հոգեբանը չպետք է ցույց տա իր զգացմունքները, սակայն սա այլ իրավիճակ էր»,-ասում է Ջուլիետտան ու կարդում պատմություններից ևս մի քանիսը։
«Հենց պատերազմի երկրորդ օրը զոհվեց մեր հարևանի անհայր մեծացած որդին՝ Արթուրը։ Նրա մարմինը բերեցին երկու օր անց։ Կեսօրին գնացի նրանց տուն ցավակցություն հայտնելու, երբ անօդաչուները սկսեցին ռմբակոծել։ Մեզ մոտիկ մի քանի ռումբ ընկավ և ստիպված էինք թողնել զոհվածին միայնակ և ապաստարան փնտրել տարբեր ծակ ու ծուկերում։ Գոյատևելը դարձել էր ավելի կարևոր, քան զոհվածի մորը բարոյապես աջակցելը»։
«Ասացին, որ պետք է իջնենք նկուղներ, իսկ նկուղները սարսափելի վիճակում էին՝ խոնավ, թաց, անպատրաստ։ Մեր մեղքն էլ էր, որ մինչև այդ չէինք հետևել նկուղների մաքրությանը։ Բայց դա այլևս էական չէր։ Մեզ ասացին, որ պետք է նկուղներում մնալ»։
«Երբ դեռ գյուղում էի, մի կին կար, որդին զոհվել էր, բայց ինքը չգիտեր։ Ամբողջ գյուղը գիտեր, բայց ինքը չգիտեր։ Ինչքան դժվար էր, երբ այդ կինը կողքդ կանգնած է, դու գիտես, որ իր երեխան չկա, իսկ ինքը չգիտի ու անհանգստանում ա որդու որպիսությունից ու դու չես կարող ասել ինչ է կատարվել։ Իր համար լաց ես լինում, բայց ինքը տեղյակ չի, հույսը չի կորցրել և սպասում է զանգին»։
«Թե ինչպես եղավ, որ Ակնաղբյուրն այլևս մերը չէ, ես չէ, որ պետք է պատասխանեմ, այլ մեր ապիկար ու ապաշնորհ ղեկավարությունը։ Որովհետև շատ տղաներ են պատմում և հենց գյուղացիներն են փաստում, թե ինչպես են իրենց հեշտ ու հանգիստ հանել գյուղից՝ պարզապես պատճառաբանելով, որ Արցախի հատուկ ջոկատայինները կգան ու համարժեք պատասխան կտան, իսկ իրենք չեն կարող համարժեք պատասխան տալ և կունենանք մարդկային կորուստներ։ Բայց իրավիճակը լրիվ հակառակն էր, մեր տղաները գյուղամերձ անտառներից տեսան, որ ոչ մի հատուկ ջոկատային այդպես էլ չեկավ, իսկ թշնամին ընդամենը 30 հոգով առանց որևէ դիմադրության, առանց որևէ կրակոցի մտավ Ակնաղբյուր, վառեց մարդկանց տարիներով, դարերով ստեղծածը»։
«Հենց հրադադար հայտարարեցին՝ ամուսինս եկավ ստեղ մեզ տեսնելու ու էլի հետ գնաց։ Մենք գյուղում խոզ, հավ, սագ էինք պահում, գնաց, որ մեր տանը տիրություն անի։ Գնաց գյուղ, մեր գյուղապետը ասեց, որ արտերը վարելու նպատակով ցորեն են տալիս, գնացին, որ տեսնեն ինչ պետք է արվի ․․․ գերեվարեցին նրան, տարել էին Բաքու, պահել շուրջ 5 օր։ Ռուս խաղաղապահները՝ գեներալ Մուրադովը, նրանց փոխանակեցին։ Ամուսինս էր ու մեր գյուղացի ընկերը։ Նրանց շատ վատ, դաժան պայմաններում էին պահել։ Ամուսնուս խոսքերով՝ մենք մեր շանը ավելի լավ ենք նայում, տաք կերակուր ենք տալիս, իսկ այնտեղ սարսափելի, այլանդակ պայմաններում էին պահել նրանց»։
Առուստամյանն ասում է, որ ծրագիրն իրականացվել է 2020 թվականի նոյեմբերի 1-ից 2021-ի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այցելել է 7 քաղաքներում ու 4 գյուղերում տեղավորված արցախցիներին, զրուցել Արցախի 5 շրջանների 13 բնակավայրերից բռնի տեղահանված, 20-82 տարեկան կանանց հետ։
Ըստ Առուստամյանի՝ այս հարցազրույցները ցանկանում է հրապարակային դարձնել, որպեսզի մարդիկ սթափվեն, հասկանան, թե ինչ է կատարվել․
«Շատ հաճախ տպավորություն է, որ այնտեղ, որտեղ արկերի պայթյունների ձայները չեն լսվել, մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչ է եղել ու ինչ կարող է լինել։ Միգուցե այս հրապարակումները ավելի զգոն դարձնեն նրանց»։
Առուստամյանը կարծում է, որ ծրագիրը հաջողել է, քանի որ հարցազրույցներից հետո շատերն են իրեն մոտեցել ու ասել, որ ավելի թեթևացած են զգում իրենց, շատերը տևական ժամանակ կապ են պահպանում ու հարկ եղած դեպքում զանգահարում․
«Պատերազմի սարսափների ականատեսը լինելով ՝ մենք փորձում ենք չվերադառնալ այս հիշողություններին, որպեսզի կրկին ու կրկին չզգանք վախ, ցավ, անօգնական լինելու զգացում, սակայն այդպիսով ավելի ու ավելի ենք խրվում այս խնդիրների մեջ։ Միայն պատմելով մեր պատմությունը, այն, ինչ զգում ենք, ինչից ենք վախենում և ինչ ենք ուզում, հասկանալով, թե ինչու է այն մեզ համար այդքան կարևոր, կարող ենք ազատվել բացասական ապրումներից։
Շատ կարևոր է, որ ոչ միայն կանայք, այլ առհասարակ, բոլորը խոսեն այս ամենի մասին։ Մեր հասարակությունն ունի այս տրավմայի հաղթահարման կարիքը։ Այս վախի զգացումը պետք է հաղթահարել։ Ցավոք, դեռ առաջին պատերազմի տրավմաները չհաղթահարած մենք մտանք այս երկրորդի մեջ»։
Արտակ Կիրակոսյանն էլ հավելում է, որ պատմությունների արձանագրումը կարևոր էր նաև այնքանով, որ դրանք դարձել են դոկումենտալ արժեքավոր նյութեր։
Ծրագրի հաջորդ փուլում նախատեսված է անցկացնել երաժշտաթերապիա։ Առուստամյանը վստահ է, որ այս մեթոդը ևս կօգնի վերապրել ու հաղթահարել տեղի ունեցածի բացասական հետևանքները։ Մինչ այդ՝ ընթերցում է զրույցներից ևս մեկ հատված։
«Եթե մենք ունենայինք Շուշիի հանձնվելուց առաջ 5 օր, ինչպես օրինակ Քարվաճառի և Բերձորի դեպքում, հավանաբար այդ 5 օրը ես կշրջեի Շուշիի իմ սիրած վայրերում: Ես կմնայի իմ սենյակում: Ես հավաքեի իմ հոգեհարազատ իրերը, կտանեի իմ սիրած վայրերից մեկը և կայրեի դրանք: Մոխիրը կտարածվեր ձորի վրայով: Այսպիսով, որոշ չափով ես հրաժեշտ կտայի իմ կյանքի այս տարիներին: Տունը, կահույքը և այլն, իհարկե, չէին այրվի: Թող նրանք մտնեն և վայելեն»։
Գոհար Աբրահամյան