Այսօր «Սահմանային անկայունություն եւ անվտանգություն» թեմայով քննարկմանը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասաց, որ Սոչիի հայտարարությունը Ադրբեջանի համար նվազագույն ընդունելի փաստաթուղթ էր, որովհետեւ բարձր նշաձող էին դրել, թե պիտի Ադրբեջանի նոր սահմանները, այդ թվում՝ օկուպացված Արցախը ճանաչվի, միջանցք տրվի. «Միջանցքի մասին դեռեւս խոսք չկա, բայց սահմանների ճանաչման հետ կապված որոշ գործընթաց է արդեն սկսվում: Ընդհանրապես սահմանագծման եւ սահմանազատման հետ կապված մենք ի՞նչ օրակարգ ունենք: Բազմաթիվ տեղերում շահերի պաշտպանության հարցեր կան՝ ճանապարհների, հուշարձանների եւ այլն, պետք է այդ ամեն ինչը քննարկվի եւ դրվի բանակցային սեղանին»:
ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ Էդգար Ղազարյանը զարմացավ փորձագետների «հանգստության» վրա, թե Սոչիի հայտարարությունը Հայաստանի համար ըստ էության վտանգներ չի պարունակում: Նրա խոսքով՝ հայկական կողմը մշտապես զիջողական քայլեր է կատարում նոյեմբերի 9-ից սկսած՝ չստանալով դրա դիմաց ոչ մի բան. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելով՝ Նիկոլ Փաշինյանը ընդունել է, որ պետք է ճանապարհ տա՝ Ադրբեջանին Նախիջեւանի հետ կապելու համար: Մի բան, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ողջ պատմության ընթացքում չի եղել: Դա վերահաստատելը Սոչիի հայտարարությամբ արդեն իսկ վտանգ է»:
Կարդացեք նաև
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը պատասխանեց, որ մեզ պարտադրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, բայց արդյոք Հայաստանում այսօր որեւէ ուժ ի վիճակի՞ է հրաժարվելու այդ հայտարարությունից ու դրանով ստանձնած պարտավորությունից: Քաղաքագետը նաեւ հերքեց Ղազարյանին, թե միջանցքի հարց Ղարաբաղի հարցի կարգավորման պատմության մեջ չի քննարկվել. «Միջանցքի գաղափարը Հայաստանի իշխանությունների կողմից բանակցվել է Քի Վեսթով, դա բոլորին հայտնի փաստ է: Ի դեպ, Քի Վեսթի փաստաթղթում, իմ ունեցած տեղեկություններով ոչ միայն այսպես կոչված «մայրցամաքային» Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի մասին էր խոսք գնում, այլ նաեւ Շուշին՝ Ադրբեջանի մյուս մասի հետ կապված: Այս գաղափարը չի ծնվել 2020-ի ընթացքում»:
Տիգրան Գրիգորյանն ասաց, որ հասկանում է, հայերին այս իրավիճակը չի կարող դուր գալ, բայց առկա քաղաքական ուժերից որեւէ մեկը չի կարծում, թե մի այլընտրանք կարող են առաջարկել նոյեմբերի 9-ի կամ հունվարի 11-ի հայտարարությունների հետ կապված:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը աղետ էր, մինչ այդ ունեցել ենք փորձանք՝ ՀՀ իշխանություններին, իսկ արհավիրքը նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանի՝ իշխանության մնալն էր՝ շարունակել լինել բանակցություններում ու վարել նույն քաղաքականությունը:
Նրա համոզմամբ, եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունն ամբողջությամբ կատարվեր հենց նոյեմբերի 9-ին, կունենայինք լրիվ այլ իրավիճակ, բայց Խծաբերդը ինչո՞ւ հանձնվեց դրանից հետո. «Եթե փոխվեր գլխավոր բանակցողը, ես վստահ եմ, այսպիսի իրավիճակ չէր լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ