Ամփոփվել է Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստան
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (նոյեմբեր 29, 2021) – ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր: Նա հանդիպումներ ունեցավ Մոսկվայի, Տվերի, Սանկտ Պետերբուրգի և Պերմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հաշվի առնելով, որ Ռուսաստանի հայ համայնքի հայկական սփյուռքի խոշորագույն համայնքներից մեկն է, Գլխավոր հանձնակատարը կարևորեց Սփյուռքի հանձնակատարների ինստիտուտի ներկայացումը սկսել ռուսաստանահայ համայնքից: Այս ինստիտուտի ներդրմամբ՝ սփյուռքի ակտիվ ներկայացուցիչներն իրենց համայնքներում կնշանակվեն որպես սփյուռքի հանձնակատարներ: Մոսկվայում Գլխավոր հանձնակատարը հանդիպեց համայնքային տարբեր խմբերի հետ, ներառյալ՝ հայ գործարարները, Հայ իրավաբանների ասոցիացիան, լրագրողները, արվեստագետները և բժիշկները:
Կարդացեք նաև
Զարեհ Սինանյանն այցելել է նաև Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) հայկական տաղավար և Լազարևների անվան դպրոց:
Տվեր այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարն այցելեց Սբ. Հարություն եկեղեցի, տեղի հայկական կիրակնօրա դպրոց, ինչպես նաև հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սանկտ Պետերբուրգում Զարեհ Սինանյանն այցելեց կրթական և մշակութային կենտրոններ, հանդիպումներ ունեցավ Հայ իրավաբանների ասոցիացիայի պետերբուրգյան մասնաճյուղի և քաղաքի այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այցի վերջին կանգառը Պերմ քաղաքն էր, որտեղ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Կիրովի և Ուդմուրտիայի հայ համայնքներից:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք գործակցության ներկայիս մարտահրավերներն ու համագործակցության նոր ուղիները:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ