«Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում միայն ներքին հանրության համար: Թե՛ իր ասուլիսը, թե՛ Սոչիի հանդիպման տեսաձայնագրվող հատվածը ներքին սպառման համար էր նախատեսված: Այլապես այդ ընթացքում հնչած մտքերի արտացոլումը մենք կտեսնեինք հայտարարության մեջ: Իսկ հայտարարության մեջ ուղղակիորեն ՀՀ շահերից բխող գեթ մեկ արտահայտություն ես չեմ տեսել»,- այսօր «Սահմանային անկայունություն եւ անվտանգություն» թեմայով քննարկմանը ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա ընդգծեց, որ հայտարարության մեջ, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ նշված չէ գերիների վերադարձման ժամանակացույց. «Բացի այդ, տնտեսական հանգույցների ապահովումը տնտեսական տեսանկյունից Հայաստանին ձեռնտու չէ, որեւէ երկրի կողմից, բացառությամբ Թուրքիա, Ադրբեջան, չեմ տեսել պատրաստակամություն, որ տնտեսական բեռնափոխադրումների ծավալներ կան, որոնք հետաքրքրական են դարձնում այն: Դա տնտեսական ուղի չէ, քաղաքական ուղի է, չխաբենք ինքներս մեզ»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ասաց, որ Հայաստանն ունեցավ սահմանային լրջագույն խնդիրներ ու դա պետական դավաճանություն է. «Անհասկանալի ու մինչ այժմ չպարզված հանգամանքներում տեղի ունեցավ ՀՀ ինքնիշխան տարածքի հանձնում, որի հետեւանքով փակվեց Գորիս-Կապան հատվածը, Կապան-Ճակատեն հատվածը»: Ըստ Ղազինյանի, ՌԴ նախագահը հաստատեց իրենց ասածը, որ պետական սահմաններ չեն եղել, ուստի սովետական քարտեզներով չեն կարող հիմք ընդունել՝ զինված ուժերի տեղակայման ու ինքնիշխան տարածքների հանձնման համար:
Կարդացեք նաև
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասաց, որ հայտարարության մեջ տեղ գտած ուշագրավ պահերից մեկն է, որ հատուկ շեշտվել է ռուս խաղաղապահների դերն ու նշանակությունը, որովհետեւ վերջին շրջանում Ադրբեջանը վարում է ռուս խաղաղապահ առաքելությունն ապալեգիտիմացնելու քաղաքականություն:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասաց, որ կան մարդիկ, որոնք ուզում են Հայաստանը աշխարհաքաղաքական բախման կետ դարձնել ու ասել՝ թող ռուսական բազան դուրս գա, Ամերիկան գա. «Այդ խոսակցության մեջ Հայաստանը կքանդվի, այն իսպառ պետք է բացառվի»: Ինչ վերաբերում է բանակցություններին, նա ասաց, որ լուրջ խնդիրն այն է, որ մենք օրակարգ չունենք, գալիս ենք ու փորձում ենք ուրիշների ասածով ու արածով գոյատեւել:
Ղազինյանը հավելեց, որ 3 տարի է՝ իշխանությունը որեւէ ռազմավարություն չունի, միակ ռազմավարությունը, որ կա, այն է, թե ինչպես Հայաստանը վերածեն ձախողված երկրի. «Ռազմավարության բացակայությունը իզմ-երի բացակայություն է, իզմ-երի բացակայությունը բերում է անգիտակցության եւ անհստակության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ