Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը
ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 29-ին հանդիպել են Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով հյուրերին` հայ խորհրդարանականները բարձր են գնահատել հայ-հունական հարաբերությունները, կարեւորել երկու խորհրդարանների փոխգործակցության հետագա զարգացումը, բարեկամական խմբերի սերտ աշխատանքը: Միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարեւորվել է միջազգային խորհրդարանական կառույցներում համատեղ աշխատանքը:
Արման Եղոյանն արժեւորել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի իրականացումը, որը վստահվել է Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարաններին: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս ծրագիրն Ազգային ժողովի համար իրականացվում է առաջին անգամ եւ մեծ դեր ունի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ծրագրի միջոցով երկու խորհրդարանների կապերն էլ ավելի կամրապնդվեն:
Զրուցակիցները արժեւորել են խորհրդարանների վերահսկողական եւ ներկայացուցչական գործառույթների իրականացումը:
Օրենսդիրները խոսել են հայ եւ հույն ժողովուրդների` դարերի պատմություն ունեցող բարեկամությունից, ընդհանուր մարտահրավերներից:
Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրադրությանը, կարեւորվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատումը:
Պատգամավորները նաեւ ընդգծել են տնտեսական եւ զբոսաշրջային ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
ՀՀ Ազգային ժողով