Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Գետաշենից հայտնաբերված գտածոները հանձնվել են ՊՈԱԿ-ին

Նոյեմբեր 29,2021 19:01

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող «Դեմեր»  դամբարանաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Հնագիտական արշավախմբի ղեկավար, պ․գ․դ․ Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, պեղումները  իրականացվել են 40-ից ավելի դամբարանում (1989-91 թթ․)։ Հնագետի փոխանցմամբ, դամբարանները տարբեր ժամանակաշրջաններով էին թվագրվում՝ միջին բրոնզի վաղ շրջանից (մ․թ․ա․ 23-22 թթ․)  մինչև երկաթի լայն տարածման դարաշրջան (մ․թ․ա․ 7-6 դդ․)։ Այսինքն, շուրջ  1500 տարի դամբարանադաշտը պարբերաբար օգտագործվել է։

«Դամբարանադաշտի պեղումները  բավականին հետաքրքիր նյութ են տալիս։ Կարող ենք խոսել թաղման ծեսի (խմբային, անհատական թաղումներ), դիադրման եղանակների, դամբարանային կառույցների ձևերի մասին։ Մարդաբանական նյութերը ուսումնասիրել են մեր լավագույն մասնագետները՝ Ռուզան Մկրտչյանը և Հասմիկ Սիմոնյանը», – իր խոսքում նշել  է  Աշոտ Փիլիպոսյանը։

Հնագետի փոխանցմամբ, մ․թ․ա․ երրորդ հազարամյակից սկսած Հայկական լեռնաշխարհը միշտ եղել է խիտ բնակեցված և պեղված նյութը ցույց է տալիս, որ Սևանի ավազանը, Արարատյան դաշտավայրը, Բարձր Հայքը, Վանի ավազանը պատմամշակութային մեկ ընդհանրության մաս են կազմել։

«Ներքի Գետաշենը  զինագործության, պերճանքի առարկաների արտադրության, խեցեգործության շատ կարևոր շրջան է եղել», – իր խոսքը եզրափակել է հնագետը։

Հնագիտական նյութը տարիների ընթացքում վերականգնման տևական փուլ է անցել։ ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի մասնագետներն էլ առաջիկայում կաշխատեն գտածոների հետ, հետո՝  դրանք կհամալրեն կազմակերպության ֆոնդերը։

Նշենք, որ հնագիտական նյութի զգալի մասը տարբեր տարիներին հրատարակվել  է հանրապետական և արտերկրի պարբերականներում։

 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930