Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է ունենանք բաց մոդելի պետություն, որպեսզի կարողանանք ճիշտ օգտագործել մեր հիմնական հարստությունը՝ մարդկային ներուժը. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի խումբ ապագա լրագրողների հետ

Նոյեմբեր 29,2021 18:25

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրամիության աջակցությամբ իրականացվող՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի մասնակից ուսանողների խմբին և նրանց հետ աշխատող մասնագետների թիմի ներկայացուցիչների հետ:

Ծրագիրն իրականացվում է FactorTV-ի կողմից՝ BBC Media Action-ի և Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ:

Ապագա լրագրողների հետ զրույցում նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է մեր երկրի զարգացման հեռանկարներին, կարևորել ազգային ինքնության և ազգային արժեքների վրա հիմնված, բաց մոդելով պետության ստեղծումը: «Մենք համաշխարհային ազգ ենք, մեր պետության մոդելն էլ պետք է բաց լինի, քանի որ մեր հարստությունը մարդիկ են, պետք է կարողանանք ճիշտ օգտագործել այդ ներուժը,- ասել է նախագահը: -Մենք պետք է գնանք դեպի գիտության, նոր տեխնոլոգիաներ, ունենանք բարձր որակի արտադրանք, որը կարող ենք արտահանել»: Նախագահի խոսքով՝ դրա համար կարևոր է հետևել աշխարհում գիտական, տեխնոլոգիական զարգացման միտումներին և կառուցել մեր տեսլականը՝ հաշվի առնելով այդ միտումները:

«Այն փոքր պետությունները, որոնք ճիշտ են ընկալում իրենց տեղը ապագայում, հաջողում են: Մեր միակ հարստությունը մեր մարդիկ են աշխարհով մեկ, մինչդեռ որոշել ենք չօգտագործել իրենց,- նշել է նախագահը: -Սփյուռքին սովորեցնում ենք, թե ձեր միակ ֆունկցիան՝ բարեգործությունն է, Սփյուռքին չենք քաջալերում ներդրումներ անել: Պետք է ստեղծել բոլոր պայմանները, թույլ տալ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացմանը»:

 

Նախագահը նշել է, որ պետության բաց մոդելը նաև կանխելու է արտագաղթը: «Այսօր շատ հայեր, երբ հաջողության են հասնում, առաջինը մտածում են Հայաստանից գնալու մասին: Եթե հասարակությունը բաց լիներ, մարդիկ չէին մտածի գնալու մասին: Փակ մոդելի արդյունքում անընդհատ գոլորշիացում է տեղի ունենալու,- ասել է նախագահ Սարգսյանը: -Դրա համար այսօր ասում եմ՝ պետք է փոխել Սահմանադրությունը: Կարևոր չէ նախագահական, թե խորհրդարանական, կարևորը՝ իշխանությունը հավասարակշռված լինի: Պետք են գործիքներ, որպեսզի կարողանաս զսպումներ իրականացնել»:

Նախագահը կարևոր է համարել նաև ազգային ինքնության գիտակցումն ու պահպանումը: «Ինքնությունից են գալիս մեր՝ որպես ժողովուրդ ապրելու իմաստն ու նպատակը: Պետք է հստակ իմանաս ինքնությունդ՝ որպես անհատ կամ որպես ժողովուրդ ով ես, ինչի համար ես ապրում: Ինքնությունը նաև պետության անձնագիրն է»:

Նախագահ Սարգսյանն ապագա լրագրողներին հորդորել է հավատարիմ լինել լրագրության արժեքներին ու բարոյականության սկզբունքներին, կարողանալ համընթաց քայլել ժամանակի հետ և իրենց աշխատանքով նոր որակի վրա բարձրացնել լրագրությունը:

Հանրապետության նախագահը պատասխանել է նաև ապագա լրագրողների հարցերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930