Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ. Արցախի ՄԻՊ

Նոյեմբեր 29,2021 18:08

Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների շարունակվող նպատակային սպանությունները որակել է որպես «հատուկենտ, պատահական միջադեպեր»։ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պատահական միջադեպերի անվան տակ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների լայնածավալ և համակարգային ոտնահարման՝ վերջին տասնամյակների ընթացքում իրականացվող քաղաքականության հերթական դրսևորումները քողարկելու փորձ։

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի վրա հարձակումները, այդ թվում՝ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստի և 2021 թվականի նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մերձակայքում վերանորոգման աշխատանքներ իրականացնող  քաղաքացիական անձի սպանությունները, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների գնդակոծությունները կրում են դիտավորյալ բնույթ և իրականացվել են՝ որպես հայերի նկատմամբ հետապնդումների ադրբեջանական քաղաքականության շարունակություն։

Ադրբեջանական հետապնդումների քաղաքականությունը ծայրահեղ դաժանությամբ արտահայտվում է հատկապես, երբ Արցախի կամ Հայաստանի քաղաքացիները հայտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած բոլոր խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Այն դեպքերում, երբ հնարավոր է եղել իրականացնել սպանվածների դատաբժշկական փորձաքննություններ, պարզվել է, որ նրանք մահից առաջ ենթարկվել են խոշտանգումների։ Որոշ դեպքերում խաղաղ բնակիչների սպանությունները նկարահանվել և տարածվել են ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ զոհերի հարազատներին առավելագույն հոգեբանական տառապանք պատճառելու և Արցախի բնակչությանն ու ընդհանրապես հայերին ահաբեկելու նպատակով։ Դաժան խոշտանգումների են ենթարկվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայ զինվորականները, որոնցից շատերը ևս սպանվել են։ Փրկված մի քանի զինծառայողներն էլ ապօրինի դատապարտվել են Ադրբեջանում և շարունակում են պահվել այդ երկրի իշխանությունների կողմից որպես պատանդ։

Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհն է դարձել Ադրբեջանում բնակվող հայությունը դեռևս խորհրդային տարիներին։ Ադրբեջանական իշխանությունների կողմից 1988-1990 թվականներին կազմակերպված տեղահանումները, որոնք ուղեկցվում էին զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և ջարդերով, հիմք դրեցին հայերին հետապնդելու ադրբեջանական քաղաքականությանը, որը շարունակվում է ցայսօր։ 1991 թվականին Ադրբեջանի իշխանություններն արդեն սկսել էին հայերի արտաքսումը Արցախից «Օղակ» գործողության շրջանակներում, որը դարձավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախաբանը։ Լայնածավալ պատերազմն Արցախի Հանրապետության դեմ, որը տևեց մի քանի տարի՝ մինչև 1994 թվականը, Ադրբեջանի կողմից հայերին իրենց հողերից վերջնականապես վտարելու փորձ էր։

Ինչպես 2020 թվականի ագրեսիայի ընթացքում, այնպես էլ 1990-ականների ռազմական գործողությունների ժամանակ, ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել և սպանել են իրենց վերահսկողության տակ հայտնված հայերին։ 1992 թվականին Արցախի Մարտակերտի շրջանի հայկական Մարաղա գյուղի բնակիչների ջարդը դարձավ այս քաղաքականության ամենաողբերգական դրվագներից մեկը․ գյուղի 50 բնակիչ դաժանաբար սպանվել է, ևս 50-ը՝ գերեվարվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նրանցից շատերի ճակատագրերը մինչ այսօր անհայտ են։

Ադրբեջանցի զինծառայողները առանձնահատուկ դաժանությամբ են աչքի ընկել նաև 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ՝ խոշտանգումների և մահապատժի ենթարկելով ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեց ամուսինների Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունն Արցախում տեղի ունեցող միջադեպերի պատահական բնույթի մասին նպատակ ունի քողարկելու հայերի հետապնդման սեփական քաղաքականությունը։ Հենց ադրբեջանական իշխանությունների, այդ թվում՝ այդ երկրի նախագահի բացահայտ և միտումնավոր խրախուսմամբ է իրականացվել հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն, այդ թվում՝ սպանությունները։ Ամենավառ օրինակներից են քնած հային սպանած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ինչպես նաև 2016թ. ագրեսիայի ժամանակ հայի գլուխը կտրած և այն ադրբեջանական գյուղերում ցուցադրած ադրբեջանցի զինծառայողի՝ անձամբ նախագահի կողմից պարգևատրումը։ Ադրբեջանում հանցագործություններն անպատիժ թողնելը, այդ թվում հայերի կանխամտածված սպանությունները, ինչպես նաև հանցագործներին պարգևատրելը, Ադրբեջանում պետական ​​մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ամենաակնառու վկայությունն է։

Հայերի հետապնդումները, որոնք դրսևորվում են զանգվածային սպանությունների, տեղահանությունների, խոշտանգումների և այլ անմարդկային արարքների տեսքով, կրում են լայնածավալ և համակարգված բնույթ և իրականացվում են Ադրբեջանի զինված ուժերի անդամների և այդ երկրի այլ գործակալների կողմից կանխամտածված՝ գոյություն ունեցող քաղաքականությանը համապատասխան կամ այն ​​առաջ տանելու նպատակով։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930