Արտագաղթի թեման վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ում ամենաքննարկվողներից է: Հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից արտագաղթի ահագնացող տեմպերի մասին տարբեր հրապարակումներ կան՝ սկսած սոցցանցերում գրառումներից, մինչև փորձագիտական կարծիքներ:
Արտագաղթն այն թեմաներից է, որտեղ միֆերն ու իրականությունը խիստ փոխկապակցված են: Թերևս այն պատճառով, որ հանրության շատ նեղ շրջանակներին է հայտնի այն փաստը, որ արտագաղթի տեմպերի մասին օբյեկտիվ կարծիք կարելի է հայտնել միայն խորացված հետազոտություններից հետո: Անգամ վիճակագրական տվյալների համեմատությունը չի կարող բավարար հիմք լինել արտագաղթի մասին եզրակացություններ կատարելու համար:
Մասնագետները միգրացիոն թեմաներով վերլուծություններ կատարելիս խորհուրդ են տալիս չշփոթել արտագաղթ և միգրացիա երևույթները:
Հայերեն «արտագաղթ» (գաղթ) եզրը, լինելով էմիգրացիայի բառացի թարգմանություն, այնուամենայնիվ, հստակ չի բնորոշում այն. կարևոր դեր են խաղում մշակութային, էմոցիոնալ երանգները: Հայկական համատեքստում «արտագաղթի» հասկացության շուրջ բացասական իմաստ ու ընկալում է ձևավորվել, մինչդեռ «էմիգրացիա» եզրի գործածումը հիմնականում մասնագիտական տեքստերում է հանդիպում:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ստուգել է Հայաստանի միգրացիոն իրավիճակի վերաբերյալ հայ հանրության շրջանում տարածված միֆերն ու իրականությունը: Զրուցել ենք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Արտակ Մարկոսյանի հետ, վերլուծել ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալները վերջին 10 տարիների ընթացքում բնակչության տեղաշարժերի, վարչական հաշվառման և ՀՀ մշտական բնակչության թվաքանակի փոփոխության վերաբերյալ:
Այն, որ 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 103 հազարից ավելի, դա փաստ է, սակայն առնվազն ապակողմնորոշող տեղեկատվություն է այն, որ այդ քաղաքացիները չեն վերադարձել, քանի որ դրա մասին դեռ վաղ է խոսել. միայն կերևա տարեվերջին: Սա ուղևորահոսքերի բացասական մնացորդ է, բայց արտագաղթ չէ, բնականաբար, այս ցուցանիշը խիստ կապակցված է արտագաղթի հետ: Ինչքան այս թիվը մեծ լինի, այնքան հետազոտության արդյունքում արտագաղթի ծավալները հնարավոր է ավելի մեծ լինեն, քանի որ այս մարդկանց մեջ վստահաբար կարող են լինել նաև միգրանտներ. մարդիկ, որոնք այդպես էլ չվերադառնան ՀՀ:
ՀՀ վիճակագրական կոմիտեից Aravot.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ սահմանային անցակետերով իրականացված ժամանումների և մեկնումների գրանցումների մասին ներկայացրին հետևյալ տվյալները:
Ակնհայտ է, որ 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է եկել 1 միլիոն 179 հազար յոթ մարդ և ՀՀ վերադարձել է 1 միլիոն 112 հազար երկու մարդ: Ակնհայտ է, որ ՀՀ-ից մեկնել ու դեռ չի վերադարձել 67005 անձ: Այս թիվը վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև ՀՀ սահմանը հատած և չվերադարձած այլ երկրների քաղաքացիներին:
ՀՀ վիճակագրական կոմիտեից նաև հետաքրքրվեցինք 2018-2021-ի ընթացքում ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխությունների վերաբերյալ:
Ներկայացված տվյալներից երևում է, որ ՀՀ մշտական բնակչության թիվն աճել է. միգրացիոն մնացորդը դրական է՝ 0,4, արձանագրվել է բնական հավելաճ՝ 3,1: Սակայն այս ցուցանիշը հնարավոր չէ օբյեկտիվ պատկեր համարել, այն փոքր-ինչ մանիպուլացնող է, քանի որ այստեղ ներկայացված չէ ՀՀ առկա բնակչության թվաքանակը: Ուստի նշանակում է, որ հաշվառման մեջ գտնվող մարդկանց թվում կան շատերը, որոնք իրականում ՀՀ-ում չեն բնակվում, սակայն երկիրը լքելիս դուրս չեն եկել հաշվառումից:
Ըստ մասնագիտական գրականության՝ գոյություն ունեն միգրացիոն արտամղող գործոններ: Այդպիսի գործոն է ցածր կենսամակարդակը, բարոյական անառողջ մթնոլորտը, կլիմայական վատ պայմանները, անկայունությունը: ՀՀ-ում այս գործոններին գումարվել է նաև անվտանգության և ապահովության պակասը, Արցախից տասնյակ հազարավոր՝ իրենց տները կորցրած քաղաքացիները: Այս բոլոր գործոնները նպաստում են, որպեսզի մարդիկ լքեն Հայաստանը, սակայն սա հատուկ ծրագիր չէ, որն իրականացվում է ՀՀ կառավարության կամ մեկ այլ երկրի կողմից:
ՀՀ միգրացիոն իրավիճակը՝ պաշտոնատար անձի ներկայացմամբ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Արտակ Մարկոսյանը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց՝ այս պահին խոսել այսպես ասած մասսայական ահագնացող արտագաղթի մասին դեռևս վաղ է: Նա հավաստիացրեց. «Այդպիսի գործընթաց չկա: Ասել, որ մասսայաբար լքում են հայրենիքը, սուտ կլինի: Բնականաբար, կա գործընթաց և′ ժամանում են, և′ մեկնում»:
Արտակ Մարկոսյանը մի կողմից մտահոգիչ համարեց այն, որ ՀՀ մուտքի ու ելքի բացասական ցուցանիշները մեծ են, սակայն մյուս կողմից էլ հիշեցրեց՝ այս տարվա ինը ամիսների կտրվածքով միգրացիոն մնացորդը ՀՀ-ում դրական է եղել՝ 400 մարդ:
Նա նշեց. «Պետք է հասկանանք, որ միգրացիոն մնացորդը և սահմանահատումների ցուցանիշները լրիվ այլ, տարբեր հարթությունում են գտնվում: Միգրացիոն սալդոն հաշվվում է՝ հաշվի առնելով մի քանի բաղադրիչներ, որում ներառվում են նաև սահմանահատումների ցուցանիշները»: Մեր այն դիտարկմանը ի՞նչ երաշխիք, որ այդ շուրջ 103000 ՀՀ քաղաքացիները տարեվերջին ՀՀ վերադառնալու են, Արտակ Մարկոսյանը պատասխանեց. «Պետք է հաշվի առնել նախորդ տարվա գործընթացները, որ կորոնավիրուսի ի հայտ գալուն պես մեր մի քանի տասնյակ հազարավոր հայրենակիցներ, որոնք երկարատև միգրանտներ էին ՌԴ-ում կամ այլ երկրներում, ստիպված վերադարձան, քանի որ այնտեղ լոքդաունի հետ կապված բիզնեսը խնդիրներ ունեցավ: Սահմանները քանի որ փակվեցին, իրենք մնացին ՀՀ-ում: Երբ փետրվարին սահմանը բացվեց, նրանք մեկնեցին, որոնք ունեին հայկական անձնագրեր: Մեկնեցին նաև մեր աշխատանքային միգրանտները: Այդ պատճառով այս տարի այդ թիվը կոնկրետ հայկական անձնագրերով ելքի, բավականին մեծ է: Սրա ելքը պետք է սպասել տարեվերջին, որպեսզի հասկանալի լինի, թե ինչքան մարդ է վերադարձել: Կարող է պարզվել՝ դրականի է գալիս ցուցանիշը, կամ չնչին է դառնում տարբերությունը: Սահմանահատումները հիմք ընդունել և խոսել արտագաղթի մասին, դա ոչ պրոֆեսիոնալ է»:
Ինչո՞ւ ՀՀ բյուջեից հատկացումներ չեն կատարվում արտագաղթի մասին հետազոտության համար:
Մինչ 2017-ը ՀՀ կառավարությունը գումար էր հատկացնում նման հետազոտություն կատարելու համար: Արտակ Մարկոսյանը տեղեկացրեց՝ նման հետազոտություն 2019-ին կատարվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից, որի համաձայն ՝ իրավիճակը 2016-ի համեմատ բարելավվել է: Հիմա էլ է անցկացվում նման հետազոտություն, շուտով տվյալները պարզ կլինեն:
Արտակ Մարկոսյանը չժխտեց, որ այս երևույթն այս պահին խիստ մտահոգիչ է, սակայն միևնույն ժամանակ վստահեցրեց՝ իրենց երեխաների՝ այլ երկրի քաղաքացի դարձնելու համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող մարդիկ շարունակում են ապրել ՀՀ-ում: Նա մանրամասնեց. «Այդ մարդիկ ընդունում են ՌԴ քաղաքացիություն` ինչ-ինչ պատճառներից ելնելով, բայց բոլորը բնակվում են այստեղ, իրենց տնտեսական գործունեությունն այս պահին ծավալվում է ՀՀ-ում: Իրենք հետո, օգտվելով երկքաղաքացիության մասին օրենքից, նաև ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերում: Իհարկե, այս երևույթը գնալով մեծ ցուցանիշի է հասնում: Այն մեր առկա բնակչության ցուցանիշում կֆիքսվի: Բայց դրա հիման վրա խոսել փախուստի, ահագնացող արտագաղթի մասին, սխալ կլինի: Կա նաև ներգաղթ»:
Ներքին միգրացիա. մտահոգիչ պատկեր
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2020-ին Սյունիքի մարզում բնակչության թիվը կազմել է 136400, 2021-ին՝ 134600, Վայոց ձորում՝ 48400-ի փոխարեն այժմ կա 47600 բնակչություն, Տավուշում այդ թիվը 120800-ից հասել է 119700-ի:
Արտակ Մարկոսյանը մտահոգիչ է համարում այն, որ ակտիվացել են ներքին տեղաշարժերը՝ մասնավորապես սահմանամերձ համայնքներից դեպի Երևան և երևանամերձ մարզեր ներքին միգրացիան: Նա նշեց. «Ցավոք, պատերազմից հետո այդ գործընթացն ավելացել է: Կոնկրետ Սյունիքի մարզից է բավականին արտահոսք է նկատվում դեպի Երևան և երևանամերձ տարածքներ: Մարդիկ նույնիսկ իրենց բիզնեսն են տեղափոխում այստեղ սահմանամերձ գյուղական բնակավայրերից, Երևանում բնակարան ձեռք բերում: Հիմնականում դա անվտանգային և սոցիալ-տնտեսական հիմքեր ունի: Այն տարածքները, որ մենք զիջել ենք Ադրբեջանին, կոնկրետ Սյունիքի մարզի բնակիչների համար հանդիսանում էին եկամտի աղբյուր, որովհետև իրենց տնտեսական գործունեության մեծ մասը ծավալվում էր հենց այդ հողերի վրա: Հիմա այդտեղ տնտեսական կացութաձևի փոփոխություն է տեղի ունեցել, և մարդիկ նաև դա հաշվի առնելով սկսել են տեղափոխվել դեպի այս գոտի»:
Տեղեկացնենք՝ այժմ ՀՀ կառավարությունն իրականացնում է հետպատերազմյան շրջանում ժողովրդագրական իրավիճակի հետ կապված հետազոտություն:
Նախատեսվում է գրել նաև ՀՀ ժողովրդագրական վիճակի բարելավման ռազմավարություն, որը պետք է մինչև մայիս պատրաստ լինի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը եւ Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։