Նշվեց հայազգի մեծանուն արվեստագետ, կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 90-ամյա հոբելյանը։ «Պահե՛ք ակնթարթը, մաեստրո» խորագրով երեկոյի ընթացքում հնչեց Թարիվերդիևի ինչպես ակադեմիական, այնպես էլ կինոնկարների համար գրված երաժշտությունը։
Ունկնդիրները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ վայելեցին հեղինակի սյուիտը «Աղջիկը և մահը» բալետից, Ջութակի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ ջութակահար Հայկ Կազազյան), «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Ոսկե գետակը», «Ուղևորը հասարակածից», «Օլգա Սերգեևնա», «Գաղտնի գործակալի ճակատագիրը», «Գիշերային զվարճանքներ», «Ես խոստացել եմ, ես կգնամ» կինոֆիլմերի համար գրված մեղեդիները, ինչպես նաև Կոմս Կալիոստրոյի արիան «Կոմս Կալիոստրո» օպերայից։ Մենակատարներ՝ Գևորգ Հակոբյան (բարիտոն), Գևորգ Դաբաղյան (դուդուկ)։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Ջութակահար Հայկ Կազազյանը նշում է, որ բազմիցս է կատարել Թարիվերդիևի Ջութակի թիվ 1 կոնցերտը։ Նրա կատարմամբ հնչել է նաև կոմպոզիտորի Ջութակի երկրորդ կոնցերտը, որն իր ոճով, ըստ մենակատարի, տարբերվում է առաջին կոնցերտից։ «Առաջին կոնցերտը շատ լիրիկական է, երգեցիկ բնույթ ունի, ինչպես Թարիվերդիևի շատ այլ գործեր, այդ թվում՝ ֆիլմերի համար գրված երաժշտությունը»,- ասում է Հայկ Կազազյանը՝ նշելով նաև, որ Թարիվերդիևի երաժշտությունը շատ պոզիտիվ է, լիրիկական, լի գեղեցիկ մեղեդիներով, և այդ ամենը նրա արվեստը դարձնում է հասանելի ժողովրդի մեծ զանգվածների համար։
Երեկոյին ներկա էր Միքայել Թարիվերդիևի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի կոմպոզիտորի այրի Վերա Թարիվերդիևան։ Նա նշում է, որ «Աղջիկը և մահը» բալետից սյուիտը Հայաստանում դեռ չէր հնչել։ «Թարիվերդիևի երաժշտության ինտոնացիան ֆենոմենալ է։ Այդ երաժշտությունը առանձնահատուկ է, շատ անձնական, խորաթափանց։ Նույնիսկ նրա կինոերաժշտությունը ես կանվանեի ակադեմիական։ Թարիվերդիևը կինոերաժշտությունը նույնպես ստեղծում էր ակադեմիական սկզբունքներով»,- ասում է Վերա Թարիվերդիևան։
Կարդացեք նաև
Միքայել Թարիվերդիևը մի կոմպոզիտոր է, որն իր երաժշտությամբ ստիպում է մտորել ամենագողտրիկ, ամենաջերմ զգացումների, ամենամտերմիկ ապրումների մասին՝ ունկնդրին իր հետ միասին խորհել տալով։
Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին նվիրված համերգը կազմակերպել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ