Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաջարանի ավագանու ուղերձը դատարանին՝ ի պաշտպանություն կալանավորված համայնքապետի

Նոյեմբեր 29,2021 17:30

Այսօր Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին նիստ էր հրավիրել։ Նպատակն էր՝ ուղերձ հղել ի պաշտպանություն Քաջարանի կալանավորված ղեկավար Մանվել Փարամազյանի։

Ստորև ներկայացվում է ուղերձը․

«Հարգելի դատարան, հայտնում ենք Ձեզ մեր խոր անհանգստությունն այն հանգամանքի մասին, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն արդեն վեց ամիս գտնվում է արգելանքի տակ։ Նրա բացակայության պայմաններում համայնքը գլխատված է, քաջարանցին՝ հիասթափված։ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են տեղական ինքնակառավարման դրույթները, որոնք ենթադրում են միայն ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավար և ավագանի։ Աներկբա է նաև Քաջարան համայնքի համար, գրեթե 100 տոկոս քվե ստացած համայնքի ղեկավարը գտնվում է կալանքի տակ։ Դեռևս անհայտ է նրան մեղսագրվող արարքների օրինականությունն ու իրավաչափությունը։ Ավելին, դրանք հետագայում միանշանակ կլինեն ՄԻԵԴ գանգատի առարկա։ Ներկայումս քաջարանցու ընտրական իրավունքի խախտման պայմաններում ինչպե՞ս պետք է իրականացվի համայնքային կառավարումը, երբ մենք գործ ունենք ամբողջապես պարալիզացված համայնքային կյանքի, մշակույթի, աշխատավոր քաջարանցու վստահության բացակայության հետ, երբ վերջիններս կայացրած որոշումը երաշխավորված չէ։ Այսօր, բոլոր ժամանակների անառիկ Սյունիքը, կանգնել է պատմական հորձանուտն անցնելու առաջ։ Իսկ սյունեցուն ոգեշնչելու, իր դիրքերում ամուր կանգնելու, բնօրրանը չթողնելու պայմաններ ստեղծելու փոխարեն՝ գլխատում են։ Սա է ներկայիս կարգավիճակով Քաջարան համայնքը։

Հարգելի դատարան, Ձեզ է ընձեռնված գործի անկողմնակալ, անաչառ և օբյեկտիվ իրավագիտակցությամբ ընկալելու բացառիկ իրավունքը։ Մեր ղեկավարին մեղսագրվող արարքի մեղադրանքի առումով համոզված ենք, ունենք բավարար երաշխիքներ՝ մեղադրական թեքումից առաջ անցնել և անկողմնակալ արդարադատություն իրականացնել՝ միաժամանակ պահպանելով Կոնվենցիայի՝ 6-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ։ Խնդրում ենք փոփոխել Մանվել Փարամազյանին խափանման միջոցը, նրան ազատ արձակել, ընտրել այլ խափանման միջոց։ Անհնար է չհիշատակել հզոր համայնքապետի դերն ու նշանակությունը 44-օրյա պատերազմում, և առավել ևս հիմա, երբ պետականության հիմքերն ամրացնելու անհրաժեշտությամբ ենք լցված յուրաքանչյուրս»։

Ավագանու անդամները շեշտեցին, որ իրենք որևէ բան քաղաքականացնելու նպատակ չունեն, պարզապես դատարանին խնդրում են փոխել իրենց համայնքապետի խափանման միջոցը՝ նրան հնարավորություն տալով վերադառնալ համայնքային խնդիրների լուծմանը, իսկ գործի քննությունը շարունակել Մանվել Փարամազյանի ազատության պայմաններում։

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը կալանավորված է այս տարվա հուլիսի 9-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930