Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց մերժել արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Սակայն մեկ այլ գործով ԲԴԽ-ն բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը:
Նոյեմբերի 29-ի ԲԴԽ նիստի ընթացքում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ընթերցեց որոշման եզրափակիչ հատվածը: Նա մասնավորապես հայտարարեց. «Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) ուսումնասիրելով արդարադատության նախարարության՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ ԲԴԽ դիմելու մասին 2021-ի սեպտեմբերի 22-ի որոշումը ու կից ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին կետով և 155 հոդվածով ԲԴԽ-ն որոշեց արդարադատության նախարարության միջնորդությունը Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել և դատավոր Նախշքարյանին հայտարարել խիստ նկատողություն:
Հիշեցնենք՝ ԲԴԽ-ն քննում էր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ կիրառելու մեկ այլ գործ: Այն վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով մի գործի:
Կարդացեք նաև
Միջնորդության հիմքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է դատավորի ապաքաղաքականացված չլինելը: ՀՀ վերաքննիչ դատարանը դա որակել է բողոքաբերի սուբյեկտիվ ընկալումների արդյունք եւ գտել, որ տվյալ պարագայում դատավորը ինքնաբացարկի հիմք չի ունեցել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ