Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվում է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի եւ մյուսների դատավարությունը։ Մասնավորապես, Առուշ Առուշանյանն ու Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեղադրվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքի խախտելու մեջ։
Այս նիստում նախատեսվում է, որ ցուցմունք կտա Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը։ Նշենք, որ Ավետյանի ցուցմունքով են կալանավորել Առուշ Առուշանյանին։ Վերջինս դատարանում հայտարարեց, որ իրեն մեղսագրված մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում։
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ կալանքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չենք ներկայացնի հենց այս նիստին, ամեն ինչ կարող է փոխվել, մենք չենք ուզում մեր մարտավարությունը այս պահին բացել»,-Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել է Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
«Կարծում եմ, որ դատավորի ներսում կռիվ է, չարի ու բարու պայքար է, բայց արդարադատությունը վերջում կհաղթի: Ինքը պարզ ու մաքուր աչքեր ունի, ես հույս ունեմ դատավորից»,-ասաց պաշտպանը։
Դատական նիստը շարունակվում է, նիստին ներկա է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Նիստը սկսելուց առաջ Երեւանում մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են կազմակերպել Բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ՝ ի աջակցություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի: «Դիմադրեք, դատավորներ, մի վախեցեք», «Վերջ զանգովի արդարադատությանը», «Ազատություն քաղբանտարկյալներին»՝ բողոքի ցույցին նրանք մասնակցեցին նման բովանդակություն ունեցող պաստառներով։
Բողոքի ցույց էր նաեւ Գորիսում։ Գորիսեցիները պահանջում էին դատավոր Գնել Գասպարյանից փոխել համայնքի ղեկավարի խափանման միջոցը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ