Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը խորհուրդ չի տալիս դիմել Սուրբ Թերեզայի անվան համալսարան

Նոյեմբեր 29,2021 16:01

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը ֆեյսբուքի իր էջում պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի վերաբերյալ հնդիկ ուսանողներից ստացված բազմաթիվ դժգոհություններին, տարբեր նպատակներով գումար շորթելուն, պրոֆեսորադասախոսական կազմին:

Դեսպանատունը նաեւ հնդիկ ուսանողներին նախազգուշացրել է ձեռնպահ մնալ այդ համալսարան ընդունվելուց:

Aravot.am-ը մի կերպ կապ հաստատեց Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի հետ, քանի որ մշտապես բոլոր հեռախոսներն անհասանելի են: Այնտեղից փոխանցեցին համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանի հեռախոսահամարը: Վերջինս՝ տեղեկանալով, որ լրագրող է զանգահարում, անմիջապես ասաց, որ իր հեռախոսը «լավ չի լսում» ու կախեց լսափողը: Մեր մնացած զանգերը մնացին անպատասխան:

Հիշեցնենք, որ այս համալսարանն անընդհատ իրավապահների ուշադրության կենտրոնում է, վերջերս կրկին հնդիկ ուսանողները բարձրաձայնել էին, որ իրենց ավարտական վկայականները տրամադրելու համար գումար են պահանջում, նաեւ նշել էին ծեծկռտուքի մասին:

Բուհի ռեկտոր Լարիսա Համբարձումյանի որդին՝ Տիգրան Բաղրամյանն ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե ինքը ոչ մեկին չի հարվածել: «Ես ոչ մեկի մատով չեմ կպել, եկել՝ սկսել են հարվածել, ավտոն ջարդել, ես ուղղակի քշել եմ, գնացել եմ, էդքան բան», – ասել էր Տիգրան Բաղրամյանը: Ըստ նրա՝ մայրը ուսանողներից կաշառք չի պահանջել, այն, ինչ պահանջել է՝ 1000 դոլարը, կաշառք չէ. «Մենք ասացինք՝ գոնե սիմվոլիկ 1000 դոլարի չափով գումար հաշվեհամարին փոխանցեք, որ ձեզ գոնե սիմվոլիկ վճար լինի»:

Ըստ բուհի ռեկտորի որդու՝ հարյուրավոր ուսանողներ առանց դիպլոմի են մնացել մի քանի պատճառով՝ նախ նրանց խաբել է հնդիկ գործակալը, ուսման տարեկան վարձը՝ երեք հազար դոլար վերցրել է ուսանողներից ու բուհին չի փոխանցել, հենց նույն գործակալի միջոցով կեղծ դիպլոմներ են ստեղծվել։ Տիգրան Բաղրամյանը պնդել էր՝ իրենք ստուգում են քննաթերթիկները, ուսանողի հաճախելիությունը ու պարզում, որ դիպլոմով եկածն ուսանող չի էլ եղել. «Իրանք, որ հիմա էս բարձրաձայնում են, հիմնականում ուզում են ճնշում գործադրել, որ մենք օրենքից դուրս իրանց դիպլոմ տանք, բայց մենք չենք տա: Ըստ օրենքի, իրենք խնդիրներ ունեն, որ չպիտի ստանան»:

Ավելի վաղ 3 ոչ պետական բուհերի ռեկտորների մեղադրանք էր առաջադրվել կեղծ դիպլոմներ տալու համար, որոնցից մեկը հենց Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանն էր, ու այս համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը կատարած արարքի համար տուգանվել էր ընդամենը 300 հազար դրամով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930