«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն այսօր «Հենարան» ակումբում խոսեց Սոչիում կայացած եռակողմ հանդիպման այն խնդրահարույց հարցի շուրջ, թե ի վերջո Հայաստանի ինքնիշխան տարածքով hաղորդակցությունների ապաշրջափակումը Ադրբեջանին եւ Թուրքիային ճանապա՞րհ տրամադրել է, թե՞ միջանցք:
«Մեզ հետաքրքրող գլխավոր հարցն այն է, թե ով է պատասխանատու լինելու այդ կապուղիների համար: Եթե դա լինելու է Ռուսաստանի Դաշնությունը, խաղաղապահ առաքելություն, ապա դա չի դիտարկվելու զուտ որպես ՀՀ տարածքով անցնող ճանապարհ, այլ դիտվելու է որպես միջանցք: Անունը կարող ես դնել ինչ ուզես՝ անգամ թունել կամ էստակադա, բայց միեւնույն է, այդ ճանապարհը սովորական չի լինելու, այլ լինելու է վերահսկելի: Ու հնարավոր է, որ մինչեւ խաղաղության համաձայնագրի կնքելը, ինչի մասին չի խոսվում, միջազգային հանրություն կոչվածը մեզ դեմ տա, թե քանի դեռ չկա այդ պայմանագիրը, բարի եղեք այդ ճանապարհի ամբողջ երկարությամբ տեղակայել միջազգային կոնտինգենտ, քանի որ պարզ չէ, թե Հայաստանը կկարողանա՞ ապահովել այդ ճանապարհի անվտանգ շահագործումը:
Այստեղ այլ հարց էլ կա: Այս իշխանություններն ասում են, թե մենք էլ ենք մաքսակետեր դնելու: Իսկ Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ գնացող բեռնատարները Հայաստանի Հանրապետությանը մաքս մուծելո՞ւ են, թե՞ ոչ: Որտե՞ղ եք տեսել, որ կապիտուլյացիա ստորագրած պետության տարածքով անցնելու համար հաղթած երկիրը ինչ-որ վճար մուծի: Ինչ է, Ադրբեջանը բարեգո՞րծ է:
Այս ամենը դեռ պահվում է փակ, որպեսզի հասարակության դժգոհ հատվածը ավելի շատ իմանալու եւ արտահայտվելու տեղ չունենա, դժգոհությունների նոր ալիք չբարձրանա»,-ասաց Վահան Բաբայանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ