Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ-ում քննարկվել է ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Նոյեմբեր 29,2021 16:30

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Վահրամ Բալայանը և Արթուր Հարությունյանը։

Քննարկվել են «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը։

Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, նշել է, որ 2022թ․ բյուջեով նախատեսվում է 880 մլն 750 հազ. 800 դրամ, որը 2021թ․ համեմատ ավել է 12 մլն 457 հազ 600 դրամով, ինչը պայմանավորված է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ և պետծառայողի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի բնականոն աճով։ Օտարերկրյա պետություններում ԱՀ մշտական ներկայացուցչությունների ծախսերը 2022թ. համար նախատեսվում է 580 մլն 237 հազ 300 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 23 մլն 44 հազ 300 դրամի չափով՝ պայմանավորված արժույթների փոխարժեքների իջեցմամբ: Նախարարը նաև պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին անվտանգությանը, Արցախի կարգավիճակին, արտաքին քաղաքականությանը, ԱՀ մշտական ներկայացուցչությունների գործունեությանը, առկա մարտահրավերներին, տեղեկատվական դաշտի ընդլայնմանը։

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, ներկայացնելով գալիք տարվա զբոսաշրջության ծախսերը, նշել է, որ զբոսաշրջության զարգացման ծրագրով նախատեսվում է բյուջեից հատկացնել 33 մլն 500 հազ դրամ՝ նախորդ տարվա 10,0 մլն-ի համեմատ:
Ըստ նախարարի՝ զբոսաշրջության ծրագրի ծախսերը ուղղվելու են ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման ու մարքեթինգի և խթանման միջոցառումներին։ Արմեն Թովմասյանը կարևորել է «Ճանապարհ թրեյլ» նախագծի շրջանակներում նոր քայլուղիների ստեղծումը, «Տուրիստ բուս» ծրագրի վերագործարկումը։ Նախարարը պատասխանել է պատգամավորների՝ ներքին տուրիզմի զարգացմանը, զբոսաշրջային կոնկրետ երթուղիների ձևավորմանն ու դրանց անվտանգային ապահովվածությանը վերաբերող հարցերին։

ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանն առանձնացրել է ոլորտի ծախսային հիմնական ուղղությունները․ «Ձայն արդարություն» ռադիոկայանի պահպանման համար նախատեսվում է ուղղել 10 մլն 841 հազ 200 դրամ, ԱՀ հեռուստառադիոընկերության խորհրդին՝ 34 մլն752 հազ 900 դրամ, հեռուստատեսային և ռադիոծառայություններին՝ 443 մլն 614 հազ դրամ։ Խորհրդի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին կադրային քաղաքականությանը, մանկական և ժամանցային նախագծերի ընդլայնմանը, նոր իրողություններից բխող հաղորդումների գործարկմանը և այլն։

«Ազատ Արցախ» թերթի պահպանման ծախսերը, խմբագիր Նորեկ Գասպարյանի խոսքով, 2022թ.-ին 2021թ համեմատ փոփոխության չեն ենթարկվի, չհաշված պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի 20 տոկոս բարձրացմամբ։ Ըստ այդմ՝ թերթի պահպանման ծախսերը կկազմեն 106 մլն 503 հազ. 200 դրամ: Թերթի խմբագիրը պարզաբանումներ է տվել թերթի տպաքանակի և հետևորդների նվազման, թերթի անվանակոչման վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին և առաջարկություններին։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930