Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան․ «Ալիեւը, որպես հաղթած երկիր, համաձայնում է սահմանազատման, ուրեմն իր շահերն ապահովված են»

Նոյեմբեր 29,2021 15:33

«Երբ թշնամի Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ ինքը գոհ է, ուրեմն նա կարողացել է իր թշնամական քաղաքականության մեջ ապահովագրել այն բոլոր ցանկություններն, որոնք ունեցել է, եւ եթե ամեն օր աշխարհին ասում է, որ Զանգեզուրի միջանցք, ամբողջ կյանքում այդ խարանով եք ապրելու՝ որպես պարտված ազգ, մեր բոլոր շահերը պետք է հաշվի առնեք, ինչ ասենք՝ դա էլ կլինի, այլեւս չի օգտագործվում արցախյան կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն արտահայտությունը, եւ վերջում դրա մասին որեւէ արձագանք չի լինում, ուրեմն Ադրբեջանը հասել է իր նպատակներին»,-«Մեդիա կենտրոն»-ում այսպիսի կարծիք հայտնեց «Մարդակային զարգացման միջազգային կենտրոն»-ի տնօրեն Թեւան Պողոսյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը։

Թեւան Պողոսյանի կարծիքով՝ շատ դժվար է ասել, որ ՀՀ իշխող կուսակցությունը ներկայացնում է հայկական շահն, ինչպես ամբողջական հայ ազգի շահը՝ ոչ միայն ընտրված լինելով ընդամենը 1/4 քվեով, այլ դրա հետ միասին՝ այն ձեւակերպումները, որոնց շուրջ դեռ չեն էլ տեղի ունեցել քննարկումներ, որ ասենք՝ կա հայ ազգի կոնսենսուս․ «Բացի դրանից՝ այդ օրվա լրահոսը ինչպես էր մատուցվում․ սկզբում Ալիեւ-Պուտին հանդիպումն էր, որտեղ ներկայացվեց երկուսի ողջույնի խոսքը, այդտեղ միայն Պուտինի անդրադարձն էր, Ղարաբաղ բառ ասվեց։ Հետո եռակողմ հանդիպման բացման խոսքերն էին, Ալիեւի եւ Պուտինի կողմից որեւէ անդրադարձ չկար, Փաշինյանն ասաց՝ այո, հակամարտության խնդիրները դեռ պետք է քննարկվեն Մինսկի խմբի համանախագահների հետ։ Պուտինն ասաց՝ այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որ կյանքը վերականգնվի Լեռնային Ղարաբաղում։ Դա մուտքն է, հետո երեք ժամ քննարկումն էր, հետո ավարտը։ Ցույց տվեք երեք ղեկավարների խոսքում որեւէ անդրադարձ, որի մեջ որեւէ մի բառում կա արմատ, որը Ղարաբաղ է։ Ալիեւը հասավ ելքի, որտեղ այդ բառերը չեն օգտագործվել։ Սրանք կարեւոր նրբություններ են, որոնք պետք է հասկանանք։ Այս եղած փաստաթղթում ամեն ինչ բերված է նրան, որ խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների մասին է խոսքը։ Լեռնային Ղարաբաղի հիմանահարց, ապագա ճակատագիր, գործընթացներ, որոնք պետք է շարունակվեն՝ դրանց մասին գրված չէ»։

Թեւան Պողոսյանի դիտարկմամբ՝ եթե Ալիեւը, որպես հաղթած երկիր, համաձայնում է սահմանազատման, ուրեմն իր շահերն ապահովված են։ Իսկ Ադրբեջանի շահերն, ինչպես պարոն Պողոսյանն ասաց՝ ամիսներ առաջ Ալիեւի արած հայտարարություններից կարելի է եզրակացնել՝ Արցախի հարց այլեւս չկա, նույնիսկ այդպիսի տեղանվանում, տեղանք չկա, կճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը, դրանից հետո գործընթացները կսկսենք։

Պողոսյանը հիշեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունները․ «Բայրամովն ասում էր՝ մենք ռազմական գործողությունները կամ նոյեմբերի 16-ի գործողությունները ստիպված էինք անելու, բայց բացատրելու էինք, որ օգտագործելու էինք ինչպես ռազմական, այնպես էլ այլ տեսակի ճնշումներ Հայաստանի նկատմամբ՝ իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Բաց տեքստով ասում է, որ եղել են ստանձնած պարտավորություններ, չգիտեմ՝ ինչպես է ամրագրվել, երեւի էլի բանավոր, փորձել են չիրականացնել, Ադրբեջանը ռազմական ուժին է դիմել»։

Ըստ Թեւան Պողոսյանի, ցավոք՝ պարտված իշխանությունը շարունակելու է, եւ եթե նույնիսկ չցանկանա էլ, արդյունքն իրենց քաղաքականության լինելու են նորանոր պարտությունները։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930