Ermenihaber. Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպման ժամանակ որոշվել է զարգացնել երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ նշելով, որ հանդիպումն անցել է բարեկամական և անկեղծ մթնոլորտում։
«Որոշվել է զարգացնել բազմաոլորտ հարաբերությունները և վերացնել որոշ խոչընդոտներ։ Երկու երկրների կապը պատմական է։ Երկու առաջնորդները պայմանավորվել են պարոն Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի ընթացքում անցկացնել Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը»։
Նշենք, որ Թուրքիայի և Իրանի նախագահների փակ հանդիպումը տևել է կես ժամ։