Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու դեղաչափով պատվաստված 23 քաղաքացի մահացել են. Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, թե ինչու

Նոյեմբեր 29,2021 13:58

Հայաստանում COVID-19-ից մահացել են 23 քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափով պատվաստված են եղել: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իրավիճակը: Նախարարի խոսքով, բոլոր այդ քաղաքացիները 70 տարեկանից բարձր են եղել, քրոնիկ հիվանդություններով՝ ինչպիսիք շաքարային դիաբետն է, չարորակ հիվանդությունները, բարձր ճնշումն ու այլ խնդիրներ, սրտի իշեմիկ հիվանդությունը, լյարդի քաղցկեղը: Ըստ Անահիտ Ավանեսյանի, այսպիսի հիվանդների դեպքում ռիսկը շատ ավելի մեծ է, որ վարակվելիս ծանր հետեւանքներ կլինեն, սակայն պատվաստումը վարակվելու ռիսկը նվազեցնում է:

Նախարարը նաեւ հայտնեց, որ պատվաստվելուց հետո 1 միլիոն 217 հազար 391 քաղաքացիներից 79-ի մոտ եղել են առողջական գանգատներ. 40-ից ավելի քաղաքացիների մոտ պատվաստումից հետո հայտնաբերվել է COVID-19:

«Հավանաբար նրանք պատվաստվելիս արդեն վարակված էին, բայց չգիտեին այդ մասին: Ամեն դեպքում, դա հակացուցում չի եւ խնդիր դրա պատճառով չի կարող առաջանալ: Մնացած դեպքերում պատվաստվածների մոտ գրանցվել են ալերգիկ ռեակցիաներ, սիմպտոմատիկ բողոքներ, որոնք քննվել են, եւ անհրաժեշտության դեպքում այդ բուժառուներին բուժում է տրամադրվել, եւ ոչ մի լուրջ խնդիր չի առաջացել»,-ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ պատվաստումն իրականացնելուց առաջ մեր երկրում իրականացվում են ջերմության, ճնշման եւ սատուրացիայի չափումներ: Ըստ նրա, հավելյալ զննման կարիք չկա:

Նախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիների ընդամենը 3.5 տոկոսն է պատվաստված: Այս պահի դրությամբ ՀՀ-ում գրանցված է կորոնավիրուսի 13 հազար 562 ակտիվ դեպք, որոնցից 1092-ը՝ 8.1 տոկոսը, պատվաստված են. «Հոսպիտալացված 2900 քաղաքացիներից 102-ն են ամբողջապես պատվաստված՝ ընդամենը 3.5 տոկոսը: Ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից ընդամենը 9-ն են ամբողջապես պատվաստված»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930