«Պատերազմից հետո, երբ աշխարհը տեսավ, որ ՀՀ իշխանությունը պատրաստ չէ պաշտպանել հայկական շահերը, իրենց կեցվածքում հավելյալ փոփոխություն արեցին՝ եթե հայերը չեն պաշտպանում իրենց իրավունքները, մենք ինչո՞ւ պիտի պաշտպանենք ու վնասենք մեր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ»,- ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երեւանյան խորհրդաժողովի ժամանակ այսօր հայտարարեց ՀՅԴ հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նրա խոսքով՝ բոլոր երկրները չէ, որ շահագրգիռ են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալ, բայց ՀՀ իշխանության կեցվածքը պատերազմից հետո արդեն իսկ ստեղծել է տրամադրություն, որ այլ պետությունները շատ չպետք է խառնվեն այս խնդրին։
«Ինչպես 2008թ․-ի հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, այնպես էլ հիմա մենք ստիպված ենք ՀՀ իշխանությանն ասել՝ դուք իրավունք չունեք հարվածել ոչ միայն մեր անվտանգության, այլեւ մեր վաղվա իրավունքներին։ 2008-2009թթ․-ն էլ դա փորձեց այդ ժամանակվա նախագահը, բայց դա այսքան աղետալի չէր, որքան այսօր։ Այսօրվա Հայ դատի աշխատանքի դժվարությունն այն է, որ շատ պարագաներում ՀՀ իշխանության կեցվածքը տարբեր է, մերը՝ տարբեր»,-շեշտեց Կիրո Մանոյանը։
Նա նշեց, որ շատ դեպքերում, երբ Հայ դատի գրասենյակները գործակցում են հայկական դեսպանությունների հետ, շատ բան կախված է հենց դեսպաններից․ «Մենք անհանգիստ ենք, որ Վաշինգտոնից մինչեւ Գերմանիա դեսպաններ են նշանակված մարդիկ, որոնք չեն աճել այդ միջավայրում, չունեն դիվանագիտական փորձ։ Այլ երկրներում էլ կան դեսպաններ, որոնց հետ հանգիստ ենք աշխատում, բայց ասելիքներն ընդհանուր չեն։ Այսօր Հայ դատի որեւէ հանձնախումբ չի կարող որեւէ մեկին գանգատվել, որ Ադրբեջանը գրավել է Գորիս-Կապան ճանապարհը 21 կմ-ն, որովհետեւ ՀՀ վարչապետն ասում է, թե դա ՀՀ տարածք չէ․․․հետեւաբար, էլ ի՞նչ գանգատ անենք։ Սա ամենապարզ օրինակն է։ Կամ, ասում է, թե Թուրքիայի հետ կարելի է լեզու գտնել։ Մեր աշխատանքն ավելի է ծանրանում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ