«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում դեկտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում բացառիկ համերգ կկայանա: Խոսքը Լոնդոնի գոսպել երգչախմբի՝ Հայաստան առաջին այցի մասին է:
Aravot.am-ի հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը հիշեցրեց, որ խմբի կատարումները հնչում են հոլիվուդյան ֆիլմերում, որոնց թվում են՝ «Առյուծ Արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր» և «Փողոցային պարեր» ֆիլմերը։
Լոնդոնի գոսպել երգչախումբը համատեղ ելույթներով հանդես է գալիս համաշխարհային գերաստղերի հետ, որոնց թվում են՝ Փոլ ՄաքՔարթնին, Էլթոն Ջոնը, Սթիվի Ուանդերը, Դայանա Ռոսը, Մադոննան, Ադելը, Քայլի Մինոգը, Էլի Գոլդինգը, Ջասթին Թիմբերլեյքը, Փինքը: Լոնդոնյան այս բացառիկ խումբը համագործակցում է աշխարհի մի շարք հայտնի ընկերությունների, նախագծերի հետ՝ BBC, Mercedes-Benz, «Գրեմմի», «Ձայնը» եւ այլն:
Կարդացեք նաև
Տիկին Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ լոնդոնյան գոսպել երգչախմբի երեւանյան համերգին կհնչեն հիթեր, ամանորյա և սուրբծննդյան երգեր:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս հաջողվեց նման հեղինակավոր խմբին Հայաստան բերել:
«Երգչախմբի ղեկավարներին պարբերաբար հանդիպում էինք Եվրոպայի փառատոների ասոցիացիայի ամենամյա ժողովներին, այնպես որ միշտ օրակարգում կար այդ հարցը, բայց հետաձգվում էր իրենց զբաղվածության պատճառով՝ ձայնագրություններ, այլ համերգներ: Այս տարի դեկտեմբեր ամսին մի քանի ազատ օր ունեին, որոնցից մեկը տրամադրվեց Երեւանին, ինչի առիթով անչափ ուրախ ենք»,-ասաց փառատոնի տնօրենը:
Հարցին՝ ինչո՞վ է առանձնահատուկ այս համերգը, նա այս կերպ արձագանքեց. «Դա առաջին անգամ Հայաստան եկող գոսպել երգեցողությունն է, որը ունկնդրելու ենք ամենաբարձր վարպետների կողմից: Գիտեմ, որ շատերը նրանց ձայնագրությամբ են լսում ու շատ են սիրում, բայց երբեք կենդանի կատարման հնարավորություն չեն ունեցել: Դրա համար շատ էինք ցանկանում, որ նման երգչախումբ գա Հայաստան: Ի դեպ, իրենք կոչվում են երգչախումբ, բայց դա լիարժեք խումբ է, որն ունի նվագողներ՝ կիթառ, հարվածային, ստեղնաշարային գործիքներ, երգչախումբ ասվածը սիմվոլիկ է…
Նաեւ հարգանքի արժանի է իրենց ավանդույթը, կատարած աշխատանքը, որով էլ առանձնանում են բոլորից: Աշխարհում կան շատ գոսպել երգչախմբեր, բայց միայն լոնդոնյան գոսպել երգչախումբն է հանդես գալիս ամենամեծ անունների հետ…Դասական ոլորտում շատերը չեն, որ կարող են կանգնել բեմում եւ նայել 100 կամ 200 հազարանոց ունկնդրին, իսկ իրենք այդ բացառիկ զգացողությունն ունեն: Ես լսել եմ իրենց հարցազրույցներից, որ բացառիկ պատասխանատվությամբ են մոտենում այն բեմերին, փառատոներին, որտեղ իրենց ներգրավել են:
Նշեմ, որ ծրագիրը շատ գեղեցիկ, է, իրենք ընդգրկել են սուրբծննդյան երգեր, որոնք նվեր կլինեն ունկնդրին: Կարծում եմ, որ շատ շքեղ համերգ է սպասվում, եւ սա նաեւ մեր կողմից է նվեր այս դժվարին ժամանակներում: Մարդիկ կկարողանան գոնե երկու ժամ ուրախություն եւ ջերմություն զգալ»:
Փառատոնի տնօրենից հետաքրքրվեցինք՝ ինչպես է «Երեւանյան հեռանկարներին» հաջողվում անել այն, ինչը չի հաջողվում իրականացնել նմանօրինակ այլ կազմակերպությունների, նաեւ ոչ Հայաստան, ինչպե՞ս են կարողանում Հայաստան բերել մեծանուն երաժիշտների ու խմբերի: «Մի քանի գործոն կա, առաջինը մեր վարած բանակցությունների մակարդակն է, ինչը հատուկ պրոֆեսիոնալիզմ է պահանջում, որպեսզի իրենց հետ նույն լեզվով խոսես, նույն չափանիշներով… Մարդկային, մասնագիտական շփման մակարդակը, անցած ճանապարհը, փորձը, հեղինակությունը՝ այս ամենը կոմպլեքսի մեջ գրավում է իրենց»,-ասաց մեր զրուցակիցը:
Հավելեց, որ «Երևանյան հեռանկարները» արդեն համարվում է հեղինակավոր փառատոն, ինչը եւս նշանակություն է ունենում առաջին դասի երաժիշտների ու խմբերի հրավիրելիս:
Նա հիշեց, թե ինչպես են ժամանակին Հայաստան հրավիրել Ամստերդամի թագավորական Կոնցերտ Գեբաու նվագախմբին Հայաստան, որը Վրաստան չգնաց, եւ Վրաստանի նախագահի տիկինը Երեւանում ունկնդրեց նրանց. «Երբ նրանց հարց ուղղեցին, թե ինչու Վրաստան չգնացին, բայց Հայաստան եկան, իրենք պարզաբանեցին, որ ոչ թե երկիր ենք եկել, այլ փառատոն, որը մեզանից առաջ հյուրընկալել է աշխարհի ամենախոշոր նվագախմբերին ու երաժիշտներին՝ Վիեննայի Ֆիլհարմոնիկ, Լոնդոնի թագավորական նվագախումբ եւ այլն… 2007 թվականից, երբ մեր «պարտիզանական» տարիներն էին, անձամբ մեր ուսերի վրա ենք կրել փառատոնային ողջ ծանրությունը, համարյա առանց աջակիցների, բարդ հովանավորներ գտնելով, բայց այդ տարիներին մենք Հայաստան բերեցինք լեգենդար անուններ՝ «Քրոնոս» քառյակ, Վիեննայի տղաների երգչախումբ, Յուրի Բաշմետ՝ խմբով, Գիդոն Կրեմեր…
Այսինքն՝ 2007-ին մենք ունեինք բոլոր նախադրյալները դիմելու Եվրոպական փառատոնային ասոցիացիային՝ որպես անդամ ընդգրկվելու համար, որի անդամ են այնպիսի փառատոներ, որոնց բյուջեն 12-20 մլն դոլար է, ու ունեն աշխարհի ամենահզոր անուններն իրենց ցանկերում:
Քվեարկության արդյունքում՝ տեսնելով մեր գեղարվեստական որակի բարձրությունը մեզ անդամություն շնորհվեց: Հետագայում մեր փառատոնում եղան բեկումնային տարիներ, այնպիսի հզորություն հավաքեցինք, որ հայտնվեցինք 10 լավագույն փառատոների ցանկում: Իսկ այս տարվանից ի վեր իրավունք ստացանք բարոյապես պայքարելու, որպեսզի Եվրոպայի արվեստների փառատոների համաժողովը եւ գլխավոր ասամբլեան տեղի ունենան Երեւանում:
Յուրաքանչյուր տարի իրենց հյուրընկալում է հռչակավոր փառատոներից որեւէ մեկը»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Եվրոպայի փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին, որն այս տարի անցկացվում էր Իռլանդիայում, և որին առցանց մասնակցել է նաեւ Սոնա Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ համաժողովին ներկա էին մոլորակի ամենահեղինակավոր փառատոները, ինչպիսիք են Բի-Բի-Սի Փրոմսը, Լյուցերնի և Էդինբուրգի փառատոները: Քվեարկությամբ հաստատվել է, որ հաջորդ` 70-րդ գագաթնաժողովը և Եվրոպայի արվեստների փառատոների համաժողովը կհյուրընկալի «Երեւանյան հեռանկարները»:
2022թ-ի մայիսի 1-5-ը Հայաստան կժամանեն 100-ից ավելի առաջատար փառատոների ղեկավարներ, Եվրամիության մշակույթի և այլ ոլորտների հանձնակատարներ, զբոսաշրջության, բիզնեսի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մի շարք քաղաքների քաղաքապետեր, հյուրեր՝ շուրջ 400 մասնակից:
«Մեր փառատոնն իր բացառիկ գեղարվեստական որակի շնորհիվ, 2007թ-ից դարձել է ասոցիացիայի անդամ, իսկ վերջին տասը տարիներին համարվում է Եվրոպայի լավագույն փառատոներից մեկը: 2013թ-ից ի վեր, մենք տեւական բանակցություններ ենք վարել Եվրոպայի ամենախոշոր միջոցառումներից մեկը Հայաստան բերելու ուղղությամբ, քանի որ դժվար է պատկերացնել առավել մեծ գովազդի հարթակ և ճանաչելիության հնարավորություն մեր երկրի համար: Եվրոպայի փառատոնային ասոցիացիայում ընդգրկված են ԵՄ բոլոր անդամ երկրների առաջատար փառատոները, ինչպես նաև Իսրայելը` 2, Թուրքիան` 8, Ադրբեջանը եւ և Ռուսաստանը` մեկական փառատոներով»,- ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրենը: Նրա ձեւակերպմամբ, սա «Երևանյան Հեռանկարներ»-ի եւ փառատոնի հրաշալի թիմի մեծ նվաճումներից է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ