«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը երկարաժամկետ դիտորդության առաքելության ընթացքում արձանագրել է բարեգործական կազմակերպությունների անուղղակի ներգրավմամբ նախընտրական քարոզչության իրականացման մտահոգիչ դեպքեր, որոնցից է օրինակ՝ թեկնածուների հանդիպումը` կազմակերպության ներկայացուցիչների և շահառուների հետ, հանդիպման լուսաբանումը համացանցի միջոցով կամ լուսաբանման տարածումը։
ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը […] բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին»։ Այս գործողության համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն (ՀՀ ՎԻՎՕ Հոդված 40․8):
Միաժամանակ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով արգելվում է թեկնածուներին ու կուսակցություններին, ինչպես նաև նրանց հետ ասոցացվող կազմակերպություններին, բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Այս արարքը նախատեսում է վարչական պատասխանատվություն կազմակերպության և քրեական պատասխանատվություն` թեկնածուների համար (ՀՀ ՎԻՎՕ Հոդված 40․16, ՀՀ ՔրՕր Հոդված 154․2):
Նշված կարգավորումները ենթադրում են, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում բարեգործական կազմակերպությունները պետք է զերծ մնան ընտրություններին մասնակցող կուսակցությունների և թեկնածուների հետ առնչությունից և ցանկացած գործողության կատարումից, որը կարող է ընկալվել որպես ուղղակի կամ անուղղակի քարոզչություն կամ բարեգործությամբ քողարկված ընտրակաշառքի բաժանում։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով նմանօրինակ տեղեկատվության տարածումը համացանցում և հատկապես սոցիալական ցանցերում՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին և համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներին իրականացնել պատշաճ վերահսկողություն և բացառել բարեգործական կազմակերպությունների և բարեգործության հակաօրինական ներգրավումն ընտրական գործընթացներում։
«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ