Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհայրենիք, ապազգային տարրերը նման մարդկանց անվանում են «հայդատականներ», «ոչմիթիզականներ»․ Իշխան Սաղաթելյան

Նոյեմբեր 29,2021 13:08

«Ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ, այլ իշխանության ղեկին հայտնված մի խումբ մարդկանց գործունեության հետեւանքը։ Հայ ժողովրդին թույլ, չհաղթող ներկայացնելու ներքին-արտաքին ուժերի ձգտումը պետք է ստանա համարժեք պատասխան»,-ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երեւանյան խորհրդաժողովի ժամանակ այսօր հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց․ «Պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի եւ պարտության հետ, հաղթահարել նվաստացումը, կառավարել կորուստները եւ ռիսկերը, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի եւ փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազ, գնալ դրա հետեւից: Այս օրերին այսպես մտածող մարդկանց ՀՀ-ում ասում են «հայդատականներ», «ոչմիթիզականներ», «պաթոսով հայրենասերներ»․․․Իսկ ովքե՞ր են դա ասում. մի խումբ անհայրենիք, անսրբություն, ապազգային տարրեր, որոնք մեր երկիրը կանգնեցրին այս աղետի առջեւ, ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, բարեկեցությունը եւ խաղաղությունը պայմանավորեցին զիջումներով»։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այդպիսիք հետեւողականորեն թուլացնում են մեր ազգային դիմադրողականությունը․ «Հայաստանում ստեղծված այս իրավիճակը ժողովրդի կամքով եւ ազգային ուժերի առաջնորդությամբ պետք է փոխվի։ Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ, ու իշխանությունների այն պնդումները, թե ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է, խաբեություն է։ Այն գնալով ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձ լինելու կետին։ Նախ, պետք է վերականգնել սահմանադրականությունն ու կազմակերպել երկրի սահմանների պաշտպանությունը, մշակել հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում։ Կրթության, մշակույթի ոլորտում խորքային բարեփոխումներ են պետք»։

Սաղաթելյանի խոսքով․ «Մանրամասն կարելի է ասել բոլոր ծրագրերը, բայց քանի դեռ կա այս իշխանությունը, այս ամենն անարդյունք է։ Հետևաբար, այս պահին պետք է ձևավորել դիմադրություն թշնամուն, որ մենք չունենք զիջելու հայրենիք, դիմադրություն՝ հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանություններին, դիմադրություն՝ հանրային կյանքում տեղի ունեցող բոլոր ապօրինություններին։ Իսկ երբ հասնենք համազգային եւ համաժողովրդական դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանությունները՝ իրենց աթոռներից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930