Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «5165» շարժումը հրատապ ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարվեց, թե դադարեցնում են փողոցային պայքարն ու անցնում քաղաքական խորհրդակցությունների:
Շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը նշեց, որ կլինեն դահլիճային հանդիպումներ, ունենալու են օր, երբ հնարավորություն են տալու անհատների հետ հանդիպումների. «Հասկանալի է, որ ամբողջ ժողովուրդը լարված է ու բոլորն են ուզում ինչ-որ բան անել հայրենիքի համար: Շատ հնարավոր է, որ ժողովրդի մեջ որեւէ մեկն ունի այնպիսի լուծում, որը մենք չէինք մտածել: Մենք ընդունելություն կկազմակերպենք բոլոր նրանց համար, ովքեր ուզում են մեզ հետ հանդիպել: Մենք գրավոր կդիմենք նաեւ բոլոր քաղաքական ուժերին, մենք պատրաստ ենք ինքներս գնալու: Թող ոչ ոք չմտածի, թե իրենք եկան, մենք պատրաստ ենք ինքներս գնալու, կգնանք իրենց գրասենյակներ, թող ոչ ոք չգա: Այս ամբիցիաները, որբ մենք բոլորս գնում ենք կործանման, ուղղակի մանկական խաղի են վերածվում: Ես ոչ միայն որպես շարժման առաջնորդ, անդամ, այլ որպես մայր կգնամ կխնդրեմ բոլորին: Ի վերջո, կանանց եմ նաեւ դիմում, մայրերը պետք է ոտքի կանգնեն ու համոզեն տղամարդկանց, որ այսօր ժամանակը չէ քաղաքական ամբիցիաների, իրար պարսավելու, իրար վրա մուր լցնելու: Մենք ինքնասպանությամբ ենք զբաղված, հարգելի ժողովուրդ, պարզապես բզկտում ենք մեր մարմինը»:
Տոնոյանն ասաց, որ այս օրերին նկատել են, որ իրենց ռեսուրսը շատ քիչ է ու պետք է հաշվառեն բոլորի ռեսուրսը: Նույնիսկ նրանք, ովքեր կարող են հրապարակում բարձր խոսել ու համախմբել մարդկանց իրենց խոսքով, այդ մարդկանց ռեսուրսը նույնպես պետք կլինի: Նա նշեց, որ մեր երկիրը կարող է կործանել ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ ատելությունը, ուստի կոչ արեց միավորվել. «Ժողովուրդը բաժանված է սիրեմ-սիրեմի կառուցվածքով, այսինքն, ինքը որ խմբին է սիրում: Սրան չեմ սիրում, նրան սիրում եմ…Մենք դուրս չենք գալիս, որ մեզ սիրեն, մենք դուրս ենք գալիս հանուն Հայաստանի»:
Իսկ թե ինչ են անելու Փաշինյանի հրաժարականին հասնելուց հետո, Կարին Տոնոյանն ասաց, որ որեւէ ուժ միայնակ չի կարող գալ իշխանության ու այստեղ դարձյալ միասնություն է պետք ու համերաշխության կառավարություն են ստեղծելու, դրա ծրագիրն ունեն:
Կարդացեք նաև
Շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն էլ ասաց, որ համախմբման համար շատ կարեւոր է, որ նախկին երեք նախագահները ընդունեն իրենց սխալները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ