Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքացումը ՀՀ-ի տնտեսական, անվտանգային, քաղաքական կախվածությունն է Թուրքիայից»․ Արմեն Ռուստամյան

Նոյեմբեր 29,2021 12:42

«Հաշվի առնելով «Մեծ Թուրանի» գաղափարով թուրքական երկրները համախմբելու թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները`Հայաստանին ու Արցախին սպառնացող անմիջական վտանգն այսօր Հայաստանի թուրքացումն է ու Արցախի հայաթափումը»,-ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երեւանյան խորհրդաժողովի ժամանակ այսօր ասաց ՀՅԴ բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նա պարզաբանեց, թե ինչ է հասկանում «թուրքացում» ասելով․ «Դա Հայաստանի տնտեսական, անվտանգային, քաղաքական կախվածությունն է Թուրքիայից, որի հետեւանքով ՀՀ-ն կհամարվի իրավական առումով անկախ, բայց փաստացի կախյալ Թուրքիայից։ Հայ ժողովուրդը կանգնած է թուրքացման սպառնալիքի չեզոքացման խնդրի առաջ։ Արցախի հայաթափումը կանխելու միջոցն Արցախի` Ադրբեջանի կազմում կամ անկլավային որեւէ վիճակի բացառումն է, Արցախի ինքնապաշտպանության ու անվտանգության ապահովումը, Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի խնդիրը, Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը երաշխավորելու Հայաստանի հանձնառության վերականգնումը, Արցախի տարածքային ամբողջականությանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնումը»։

Արմեն Ռուստամյանի բնորոշմամբ՝ պատերազմը ոչ թե ավարտվել է, այլ փոխել է բնույթը․ «Նոր, ավելի ծանր պարտությունից խուսափելու համար պետք է մեծացնել պետության եւ ժողովրդի դիմադրությունը։ Համազգային դիմադրություն նախաձեռնելու գաղափարը սրան է ուղղված։ Այս գաղափարը կուսակցական չէ եւ ուղղված է ողջ հայությանը»։

Հավելենք, որ խորհրդաժողովին մասնակցում են Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ․ օրակարգը վերաբերում է Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների աշխատանքի բոլոր ոլորտներին՝ ստեղծված իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղություններից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ գործունեությանը հակազդեցություն եւ այլն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930