Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը վերահաստատել է իր երկրի աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և կրկնել՝ տարածաշրջանում որևէ օտարերկրյա ներկայություն չեն հանդուրժի: Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում՝ Տնտեսական գործակցության կազմակերպության 15-րդ նստաշրջանի շրջանակում:
Ըստ իրանական Irna գործակալության՝ Ռայիսին հիշեցրել է երկու ժողովուրդների միջև խորը քաղաքակրթական, մշակութային և կրոնական կապերը և նշել, որ իրենք թույլ չեն տա, որպեսզի երկարատև և խորը արմատներ ունեցող երկկողմ կապերը խաթարվեն թշնամիների կողմից:
«Հիշեցնելով Իրանի աջակցությունն Ադրբեջանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ Ռայիսին ընդգծել է՝ այդ փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանի երկրները մշտապես կարողացել են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները՝ ըմբռնման և բանակցությունների միջոցով»,- գրում է գործակալությունը:
Նույն հանդիպման վերաբերյալ ադրբեջանական Turan գործակալությունը գրում է, թե Ռայիսին ասել է, որ Ղարաբաղի հարցում Թեհրանը «միշտ ունեցել է բաց և միանշանակ դիրքորոշում»: «Գերագույն ղեկավարից մինչև պետական կառույցների պաշտոնյաներ՝ բոլորը եղել են այն դիրքորոշմանը, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի»,- ըստ գործակալության՝ ասել է Իրանի նախագահը:
Կարդացեք նաև
Ըստ իրանական գործակալության՝ Ռայիսին ողջունել է Ադրբեջանի նախագահի առաջարկը՝ «ամրապնդել երկու երկրների միջև տնտեսական կապերը և զարգացնել տարանցիկ ճանապարհներ՝ իրանական ընկերությունների մասնակցությամբ»:
Ալիևն իր հերթին ասել է, որ հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվելու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ՝ հետևելու երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության իրականացման ընթացին:
Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի անկախությանը աջակցության համար և ընդգծել, որ Բաքուն հատուկ կարևորություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններին և թույլ չի տա դրանք փչացնել:
Ալիևը նաև այդ հանդիպումը նկարագրել է որպես «շրջադարձային» երկկողմ հարաբերությունների համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ