Լրահոս
Օրվա լրահոսը

«Պառակտում չկա». «5165» շարժումը դադարեցնում է փողոցային պայքարը եւ անցնում քաղաքական խորհրդակցությունների

Նոյեմբեր 29,2021 12:19

«5165» շարժումը հրատապ ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու շարժման փողոցային պայքարից եւ բողոքի ցույցերից հրաժարվելու պատճառներն ու հանգամանքները:

Շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարեց, որ պայքարը շարունակելու են՝ վտանգավոր զարգացումները կանխելու ուղղությամբ ու պատրաստել են հայտարարություն.

«1. Կային հիմնավոր կասկածներ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում բանակցել Հայաստանի համար շահեկան փաստաթուղթ եւ կայացնում է միանձնյա որոշումներ:

2. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումն ու սահմանազատումը համազգային նշանակության գործընթաց է, որը կարող է անդառնալի հետք թողնել Հայաստանի եւ Արցախի հետագա ճակատագրի վրա:

3. Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ժողովրդին խոստացել է, որ Արցախի հարցի հետ կապված ցանկացած կարեւոր որոշում ընդունելուց առաջ այդ մասին տեղեկացնելու է ժողովրդին: Մենք հայտարարեցինք, որ մեր օրակարգը վերկուսակցական է՝ առաջարկելով քաղաքական այլ ուժերի, ՀԿ-ների միավորվել այս պահանջի շուրջ, քանի որ հարցն ունի ազգային ռազմավարական մեծ կարեւորություն եւ հրատապություն: Մենք հարցը բարձրացրեցինք ԱԺ-ի եւ նախագահի առաջ, մեր պահանջին հրապարակային արձագանք չեղավ:

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի ուղիղ եթերում անդրադարձավ մեր պահանջին, բայց փաստաթղթի բովանդակությունը բացահայտող ոչինչ չասաց: Նրա պատասխանները ոչ միայն չփարատեցին, այլեւ խորացրեցին մեր մտահոգությունները: Նոյեմբերի 26-ին Փաշինյանը Սոչիում ստորագրեց եռակողմ հայտարարություն, որի առնչությամբ ՌԴ նախագահը հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինեն սահմանագծման եւ սահմանազատման մեխանիզմները (սա մեր պահանջի բովանդակությունն է կազմում, մենք հենց ուզում էինք, որ գործող իշխանությունները հանրայնացնեին հենց այդ մեխանիզմները)»:

«5165» շարժումը ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները, արցախյան հիմնախնդրի հարցում հակահայկական քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով պահանջում է կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Շարժումը հանդիպումներ ու խորհրդակցությունների շարք է սկսելու Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերի, անհատների հետ, որոնք համաձայն են այս պահանջին ու կիսում են իրենց մտահոգությունը՝ անկախ տարաձայնություններից:

Այսպիսով, «5165» շարժումը փողոցային պայքարը դադարեցնում է՝ տեղափոխվելով քաղաքական խորհրդակցությունների փուլ:

Շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը վստահեցրեց, որ պառակտում չկա փողոցային պայքարի դուրս եկած ուժերի մեջ, պարզապես ոմանք գտնում են, որ պետք է փողոցային հավաքները շարունակել, իսկ իրենք գտնում են, որ մինչեւ համազգային համախմբում չլինի՝ փողոցային արդյունավետ պայքար չի լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930